Ամսագիր Ապրիլ 2012 Գրքախառնված մտքեր

25 Ապրիլ 2012, 20:35
1784 |

Գրքախառնված մտքեր

Ռադիո «Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը փորձում է հասկանալ, թե ինչ է իրեն և իր համաքաղաքացիներին սպասվում մոտակա մեկ տարվա ընթացքում:

Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը Երևանին փոխանցելու մասին որոշումն ընդունվել է 2010 թ-ի հուլիսի 3-ին: Սակայն, եթե այսօր՝ այդ որոշումից գրեթե մեկ ու կես տարի անց, փողոցում շարքային երևանցուն հարցնեն, թե ինչ գիտի նա այդ կարևոր իրադարձության մասին, ապա տասը հարցվածներից առնվազն ութն ուսերը թափ կտան: Իսկ պատճառն այն է, որ պետական մակարդակով երկրում իրականացվող միջոցառումները կառուցվում են արձանագրային-ձևական սկզբունքի վրա: Եթե միջոցառումների մեկնարկի համար նշանակվել է 2012 թվականի ապրիլի 21-ը, ուրեմն հենց այդ օրն էլ կսկսենք: Միջոցառման կազմակերպիչները անիմաստ շռայլություն են համարել քաղաքի զարդարումն այդ նշանակալի իրադարձության տոնակատարության համար, չնայած որ պետական գանձարանից շուրջ 900 հազար դոլար է հատկացվել: Իսկ որքան հրաշալի կլիներ, եթե անավարտ կառույցները, տանիքները, քաղաքի մայրուղիների երկայնքով անցնող գորշ պատերը գունազարդվեին վառ գրապահարաններով, բազում գովազդային վահանակներ ճչային Գրքի մեծարման տոնի մասին: Չէ՞ որ դրա համար ընդամենը մեկ ստեղծագործ գաղափարը բավական կլիներ: Թատրոնը սկսվում է կախիչից, իսկ մայրաքաղաքային տոնը՝ քաղաքի հարդարանքից:
Պատահական չէ, որ անցած տարի Բուենոս Այրեսում միջոցառումը մեկնարկել էր հենց դրանից. Սուրբ Մարտին հրապարակում պաշտոնական բացումից մեկ ամիս առաջ կայացավ գրքերից պատրաստված «Բաբելոնյան աշտարակի» բացումը, որն իրականացվել էր լատինաամերիկյան ամենահայտնի ավանգարդ նկարիչներից մեկի՝ Մարթա Մինուխինի նախագծով:
Վստահ եմ, որ մեր երկրում կան բազում ստեղծագործ միտք ունեցող ձևավորողներ, ինժեներներ, կառուցողներ, որոնց Մշակույթի նախարարությունը պարտավոր էր ներգրավել
ժամանակակից և հետաքրքիր լուծումներ գտնելու և մշակելու համար: Անձամբ ես ճանաչում եմ Արման Դավթյանին, ով առաջարկել է Խնկո Ապոր անվան գրադարանի առջև տեղադրել ընթերցողի արձանը: Ցավոք, նախագիծն առ այսօր փոշոտվում է նախարարության դարակներում:
Դրա փոխարեն միջոցառումների պաշտոնական կայքում (www.yerevan2012.org) խնամքով հրապա-րակված է բավական տխուր միջոցառումների ծրագիրը: Ահա, օրինակ՝ 2012թ-ի դեկտեմբերի 12-ին տեղի կունենա «Գիրքն արվեստում, արվեստը՝ գրքում» ցուցահանդեսը, որն ինձ հիշեցրեց «գնահատիր արվեստը քո մեջ, ոչ թե քեզ արվեստի մեջ» արտահայտությունը: Ես անպայման գնալու եմ այդ միջոցառմանը, որպեսզի հասկանամ, թե ինչպես են կազմակերպիչները պատկերացնում մատից ծծած այդ իրադարձությունը:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով