Ամսագիր Ապրիլ 2012 Նռան գույնը

25 Ապրիլ 2012, 20:55
2446 |

Նռան գույնը

Մեր քաղաքը, անկասկած, լիարժեք չէր առանց ամենավառ, հայրենասեր, յուրահատուկ ու անսահման երևակայություն ունեցող կերպարներից մեկի՝ Արման Դավթյանի, ով ավելի հայտնի է որպես դիզայներ Նուռ: Քաղաքի գույնը կխամրեր առանց նրա արվեստանոցի կապույտ դռան, կարմիր պատերի և մոխրագույն Չերչիլ կատվի: Մշտապես մարդաշատ այս արվեստանոցը, պատերի վրա փակցված նկարները, դարակներում ներկայացված զարդերը, հյուրասիրված սև սուրճն իրենց վարպետի նման անսահման սեր ու ջերմություն են արձակում:

Երևանում եմ ծնվել՝ N16 ծննդատանը, հիմա պոլիկլինիկա է: Երբ պատմում եմ այս մասին, շատերն անլուրջ են վերաբերում, բայց կան մարդիկ, ովքեր կարող են փաստել. ես հիշում եմ իմ ծնունդը ու այն բժշկին, ով ընդունեց ծնունդս, նրա ակնոց-ները, սենյակը ու էլի փոքր դրվագներ: Եվ առհասարակ, շատ լավ վիզուալ հիշո-ղություն ունեմ, որն էլ, ի դեպ, ինձ շատ է օգնում աշխատանքիս մեջ: Հիշում եմ 40 օրականս, ինչպես էր մայրիկս պոլիկլինիկայից ինձ տուն բերում, ինչպես 6 ամսակա-նում քեռուս աղջիկը ինձ քաշեց ու գետնից գցեց, ինչ գույնի էին քույրիկիս բանտիկ-ները, բազմոցի ճղված մասը, մեկ տարեկանում նշագեղձերիս վիրահատությունը…

Ես ցեղական երևանցի եմ: Ծնողներս, տատիկներս ու պապիկներս Երևանում են ծնվել: Ես գենետիկորեն ընկալում եմ այս քաղաքը որպես իմ տունը:

Յոնջալախում եմ մեծացել՝ առաջին մասում: Լավ մանկություն եմ ունեցել այնտեղ՝ ուրախ ու վառ գույներով: Հետո արդեն, սիրելով Կոմիտասը, տեղափոխվել եմ այնտեղ, ուր այժմ էլ բնակվում եմ: Այս փողոցը մաքսիմալ հարմարեցված է ապրելու համար:

Առաջին մասի մեր շենքում կար մի տանիք ու նկուղ: Երբ փոքր էինք, դրանք մեր շտաբներն էին, իսկ մենք՝ «Թիմուրն ու նրա թիմն» էինք: Մեր թիմ ընդունվելու համար սկզբում նկուղ էինք տանում նորեկին, որովհետև դա էր պաշտոնական շտաբը, իսկ տանիքի մասին գիտեր միայն հիմնական թիմը: Եթե նորեկը չէր բացահայտում մեր՝ նկուղ ունենալու գաղտնիքը, նոր նրան տանիքն էինք ցույց տալիս: Մենք ունեինք դրոշ, որ տանիքին էր ու բարի գործեր էինք անում: Հետո մեր թիմը վերածվեց «երեք հրացանակիրների»: Այդ ժամանակ ապրում էինք գրքերի, ֆիլմերի իրականության աշխարհում:

Մեր հորինած խաղերն էինք խաղում բակում: Ի դեպ, «գործնագործը» մեր բակում «բադերն ու որսորդ» էին անվանում: Չէի սիրում խաղալ ֆուտբոլ, հոկեյ: Երբ բոլորը ֆուտբոլ էին խաղում, ես թռչնի բույն էի սարքում, մեխերով ինչ-որ բաներ էի իրար կպցնում, արդյունքում բոլորը թողնում էին խաղն ու իմ շուրջը հավաքվում: Փչացած մարտկոցներ կային, հանում էինք դրանց միջից արճիճը ու գաջի կտորներ էինք գտնում: Փորագրում էինք դրանց մեջ, արճիճ լցնում ու ձուլվածքը հանում: Ստացվում էին խաչեր, հոլեր: Ես ամենալավ հոլ սարքողն էի բակում: Այդ ժամանակ շատ լավ ունակություն ունեի՝ փորագրում էի: Հիմա էլ երևի վատ չի ստացվում:

Առաջին մասում՝ Գործարանային մետրոյի հարևանությամբ գեղասահք էի սովորում: Հայաստանի չեմպիոն ու սպորտի վարպետ դարձա: 5-12 տարեկանում դա իմ սպորտաձևն էր:

Մանկապարտեզում՝ 4 տարեկանում նռան դեր խաղացի աշնանային մրգերի հանդեսին: Հետո բոլորը սկսեցին ինձ Նուռ անվանել: Հիմա արդեն իրական անունս է մականուն դարձել:

Բելինսկու անվան N38 դպրոցն եմ ավարտել: Շատ լուրջ դպրոց էր: Իմ ամենամտերիմ ընկերը դիմացի շենքից էր: Իր հետ ամեն առավոտ դպրոց էինք գնում: Մի գեղեցիկ աղջիկ եկավ մեր դասարան: Արդեն նրա հետ սկսեցի դպրոց գնալ ու նույն նստարանին նստել: Այն ընկերներս, ում հետ մտերիմ եմ եղել մանկության ընթացքում, հիմա էլ իմ կողքին են: Շատերի հետ բարեկամացել ենք՝ քավոր-սանիկ հարաբերություններ ունենք: Վստահորեն կարող եմ ասել՝ լինելով 40 տարեկան, ես ունեմ 38 տարվա ընկերներ:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով