Ամսագիր Մարտ 2015 Սեր առաջին շենքից

03 Մարտ 2015, 13:37
2242 |

Սեր առաջին շենքից

2014 թվականի աշնանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ճարտարապետական լուսանկարչության դասընթաց անցկացնելու հրավերով Երևանում էր վիզուալ արտիստ Կատարինա Ռոթերսը: Սա նրա առաջին այցը չէր Երևան. քաղաքի հետ նրա առաջին հանդիպումը դեռևս 15 տարի առաջ էր տեղի ունեցել և սկիզբ դրել մի ամբողջ լուսանկարչական շարքի՝ «Երևանյան բետոն» խորագրով: «ԵՐԵՎԱՆին» արվեստագետը պատմեց, թե ինչ յուրահատկություններ, առավելություններ ու թերություններ է տեսնում երբեմնի շատ վարդագույն քաղաքում:

Երբ առաջին անգամ եկա Հայաստան դասընթացների 1997-ին, առաջին բանը, որ նկատեցի, յուրահատուկ ճարտարապետությունն էր: Խոսքը հատկապես սովետական մոդեռնիզմի մասին է, որը թեև շատ ծանոթ էր, բայց բոլորովին այլ մատուցմամբ տեսա այստեղ: Ծանոթ էր, որովհետև ես Գերմանիայի և Հունգարիայի միջև եմ մեծացել, ավելի ճիշտ՝ բնակվել եմ Գերմանիայում, իսկ ամռան արձակուրդներին գնում էի Հունգարիա՝ ընտանիքիս մոտ: Ես շատ եմ ճամփորդում, բայց ավելի հաճախ Արևմտյան Եվրոպայում, իսկ Հունգարիան միակ երկիրն էր Արևելյան Եվրոպայից, որտեղ ես տեսնում էի խորհրդային տարիների սոցիալ-մշակութային քաղաքականության դրսևորումները: Բուդապեշտում էլ նույնպիսի մետրո կտեսնեք, ինչպես այստեղ, նույն բնակելի թաղամասերը՝ պանելային շենքերով, նույն մոդեռնիստական միտումները ճարտարապետության մեջ: Բայց Երևանն ինձ համար արտակարգ բացահայտում եղավ:

Ոչ ձանձրալի ճարտարապետություն
Ամեն ինչ սկսվեց արդեն «Զվարթնոց» օդանավակայանում. փոքրիկ դետալների ու զարդանախշերի ապշեցուցիչ քանակությունը, շենքի ներսում իմ զգացողությունները՝ ես շատ էի ոգևորվել և հենց այդ պահից արդեն միտք ունեցա երկրորդ անգամ գալու հնար գտնել: Երևանում ինձ հատկապես հետաքրքրում էին սովետական տարիներին կառուցված միանման շենքերի բնակելի թաղամասերը, այնպես որ՝ շատ էի գնում արվարձաններ: Ես ուղղակի հիացած էի և հիմա էլ հիանում եմ, թե ինչպես են ժամանակին ճարտարապետության մեջ այդքան ներդաշնակ կիրառություն գտել պարզ ձևերն ու զարդանախշերը:

1999-ին երբ վերադարձա, արդեն սկսեցի լուսանկարել, և դա իմ առաջին ճարտարապետական լուսանկարչության նախագիծն էր: Ես նկարում էի ամեն ինչ և ամեն տեղ, ինձ համար շարունակ բացահայտումներ էի անում. Հունգարիայում ես երբեք չէի կարող պատշգամբների, պատուհանների ու այլ դետալների այսպիսի բազմազանություն տեսնել: Հունգարիայում ճարտարապետությունը, կարելի է ասել, ձանձրույթի աստիճանի միապաղաղ է, իսկ Երևանում ցանկացած մեկը, ով բնակարան է ձեռք բերում, սկսում է այն ձևափոխել այնպես, ինչպես ուզում է, նույնիսկ զավեշտալի է:

Հիմնավորում
Երևանում ես շատ բաներ կարող եմ լուսանկարել, բայց որպես արվեստագետ ունեմ խնդիր հիմնավորելու, թե ինչու եմ ընտրել այս կամ այն շենքերն ու դետալները: Այսինքն՝ պետք է ուսումնասիրեմ այն, ինչ պատրաստվում եմ լուսանկարել, որպեսզի իմանամ, թե ինչի վրա դնեմ շեշտը: Հունգարիայի դեպքում, երբ «Խորանարդներ» նախագիծն էի անում, ես գիտեի նախապատմությունը, գիտեի, թե ինչու եմ լուսանկարում այս գյուղական տներն ու ինչ եմ փորձում ասել: Երևանի և, առհասարակ, Հայաստանի դեպքում դեռևս չեմ կարող խորապես ուսումնասիրել խնդիրը, որովհետև չգիտեմ լեզուն: Ստիպված դիմում եմ մշակութաբան Ռուբեն Արևշատյանի, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի և այլ մասնագետների օգնությանը, ովքեր նույնպես հետաքրքրված են և ուսումնասիրում են սովետական մոդեռնիզմի յուրահատկությունները Հայաստանում:

Ես կարող եմ նկարել բնակելի շենքերը, կարող եմ դետալների շարք անել, բայց ինձ հիմք է պետք, ինձ պետք է դիտակետ, որից ես կկարողանամ մատուցել այդ ամենը: Եթե դիտարկենք իմ ստեղծագործությունը՝ որպես նկարիչ, իմ աշխատանքները, որքան էլ գլոբալ թեմաների անդրադառնան կամ լայն զանգվածների համար ընկալելի լինեն, դրանք իմ անձնական աշխատանքներն են և իմ անձնական ապրումների ու զգացողությունների արդյունքն են: Լուսանկարչության և հատկապես ճարտարապետական լուսանկարչության պարագայում ես այլևս չունեմ այդ արտոնությունը և ուրեմն պետք է շատ զգույշ լինեմ:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով