Ամսագիր Մարտ 2015 Վերադարձ դեպի սիմվոլիկ հայրենիք

03 Մարտ 2015, 13:31
1974 |

Վերադարձ դեպի սիմվոլիկ հայրենիք

Սփյուռքահայերի հայրենադարձությունը հայ ժողովրդի պատմության մեջ եզակի, իսկ համաշխարհային պատմության հազվադեպ իրադարձություններից էր, որի հետ երևի միակ հնարավոր համեմատությունը հրեաների ներգաղթն էր Իսրայել: Հայրենադարձությունը փոխեց ինչպես հազարավոր սփյուռքահայերի կյանքը, այնպես էլ Երևանի դեմքը. Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը ստացավ մշակութային ներարկումներ աշխարհի տարբեր ծայրերից եկած ու իրենց հետ զանազան ավանդույթներ, գիտելիքներ ու սովորություններ բերած հայերի շնորհիվ: Սակայն գործընթացը հեշտ չէր, հատկապես եկողների համար:

Սիմվոլիկ հայրենիք
Երկրորդ համաշխարհային պատերազմից շատ չանցած՝ 1946-ին, սկսվեց հայ ժողովրդի պատմության ամենամեծ հայրենադարձության ալիքը: Երկու տարվա ընթացքում այն Խորհրդային Հայաստան բերեց շուրջ 100 000 սփյուռքահայի՝ Մերձավոր Արևելքից, Բալկաններից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Հազարավոր ոգևորված սփյուռքահայերի ներգաղթին նպաստում էր ոչ միայն Երկրորդ աշխարհամարտում Խորհրդային Միության հաղթանակի շնորհիվ այդ երկրի հեղինակության աննախադեպ աճը, որը մոռացնել էր տալիս նրանում տիրող ամբողջատիրական համակարգը, այլև Արևմտյան Հայասատանի կամ գոնե Կարսի մարզի վերահաս միացումը Խորհրդային Հայաստանին:

Այն ավարտվեց նույնքան անսպասելի, որքան սկսվել էր: Ըստ անեկդոտիկ տվյալների, որոնց իսկությունը չենք կարող պնդել, 1948-ին Ստալինը «խորհուրդ տվեց» Մալենկովին մտածել, չկա՞ն արդյոք հայրենադարձ հայերի շարքերում դիվերսանտներ: Հաջորդ իսկ օրը Մալենկովը զեկուցեց Ստալինին, թե, իբր, հայրենադարձ հայերը, Բաթումում իջնելով «Պոբեդա» շոգենավից, ռումբ են տեղադրել նավի վրա: Այդ պատրվակով հայերի հայրենադարձությունը դադարեցվեց և վերսկսվեց միայն Ստալինի մահից հետո:

Իրականում, ո՛չ Սփյուռքում և ո՛չ էլ Խորհրդային Հայաստանում հայության այս երկու հատվածները, կտրված լինելով իրարից, բաժանված երկաթե վարագույրով, չէին ճանաչում իրար և գրեթե անիրազեկ էին դրսում ու ներսում տեղի ունեցող փոփոխություններին, հետևաբար և պատրաստ չէին այս հանդիպմանը: Չնայած «հայրենադարձություն» եզրի օգտագործմանը, շատ վերապահություններ կային, թե իրականում որն էր այդ ներգաղթյալների իրական հայրենիքը: Շատերը ծնվել էին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում կամ Օսմանյան կայսրության այլ հայաշատ վայրերում, Իրանում, ոմանք էլ՝ իրենց ծնողներին ընդունած վայրերում, յուրացնելով տեղի վարք ու բարքի տարրեր, բոլորովին խորթ Խորհրդային Հայաստանին:

Այսպիսով, Խորհրդային Հայաստանը նրանցից շատերի համար սիմվոլիկ հայրենիք էր, վայր, ուր մեկնելու խանդավառությունը չէր զուգակցվում տեղի իրականության գիտակցմամբ: Շատերի համար Խորհրդային Հայաս-տանի կենցաղում, առօրյա մշակույթում առկա կովկասյան, ռուսական, մահմեդական տարրերի առկայությունը երկար ժամանակ մնում էր անմարսելի, մղելով նրանց կուտակվել հայրենադարձների «գետտոներում», ուր հաճախ կային ներքին համախմբումներ՝ ըստ իրենց նախկին բնակության վայրի:

Այսպես, օրինակ՝ «հունաստանցիները», «ֆրանսիացիները», «բուլղարացիները», որոնք բացառապես քաղաքային բնակիչներ էին եղել սփյուռքում և զգալի մասով ինտեգրվել էին իրենց ընդունող երկրի հասարակությանը, առավել «վերևից» էին նայում Մերձավոր Արևելքի, մասնավորապես Սիրիայի և Իրաքի գյուղերից կամ գավառական քաղաքներից եկածներին, ինչպես կնայեին միջին եվրոպացիները մերձավորարևելցիներին:

Հայրենադարձներից մոտ 7 հազարը Ֆրանսիայից էին: Զարմանալի չէ, որ նրանք կազմել էին յուրօրինակ «ընտրախավ» վերադարձածների շարքում: Հետագայում նրանք եղան առաջիններից, ովքեր հիասթափվելով խորհրդային իրականությունից, խնդրեցին իրենց երբեմնի երկրի՝ Ֆրանսիայի աջակցությունը այնտեղ վերադառնալու համար:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով