Ամսագիր Մարտ 2015 Հինգ հարկանի Երևան

03 Մարտ 2015, 13:18
2119 |

Հինգ հարկանի Երևան

Երաժիշտ, «Արձագանք» խմբի ու ստուդիայի համահիմնադիր Եղիշե Պետրոսյանը պատմում է այսօր գոյություն չունեցող Անկախ մայլայի, «Դվին» հյուրանոցում Մհեր Մկրտչյանի հետ երգելու, Հանրապետության հրապարակին խանգարող բարձրահարկերի և այլնի մասին:

Այն տարածքը, որտեղ անցել է մանկությունս, կոչվում էր Անկախ մայլա: Այն գտնվում էր Կայարանի ու Հրուշակեղենի ֆաբրիկայի միջև ընկած հատվածում: Հիմա այնտեղ լքված գործարաններ են: Բանվորի արձանի դիմաց գտնվող Օրջոնիկիձեի անվան թիվ 111 դպրոցն եմ գնացել: Արձանն էլ չկա, դպրոցն էլ չի գործում:

Չգիտեմ՝ ինչու էր այս տարածքը Անկախ կոչվում, ենթադրում եմ՝ նրանից է, որ սա անկառավարելի թաղ էր, ու ամեն տեսակի մարդիկ կային: Մեծ հեղինակություն էին վայելում վարորդները, պատկերացնո՞ւմ եք:

Մեր հարևանությամբ մի երաժիշտ էր ապրում՝ Արմենը, նրա անունը թնդում էր ամբողջ թաղում, որովհետև Ռոզի Արմենի հետ թմբուկ էր նվագել:

Մեր տանը «Գրյունդիկ» մագնիտոֆոն կար: Առաջին ձայնագրությունը, որ լսել եմ կասետով՝ բելգիահայ երգիչ Մարկ Արյանի կատարումներն էին: Նա առաջիններից էր, որ այժմյան Հանրապետական ստադիոնում համերգ ունեցավ: Ես շատ փոքր էի, բայց ներկա էի այդ համերգին ու շատ լավ հիշում եմ:

Երաժշտական ընտանիքում եմ մեծացել: Մայրս հրաշալի երգում էր, փոքր եղբորս էլ ստիպում էին, որ ակորդեոն նվագել սովորի: Սփյուռքահայ պրոֆեսորի մոտ սկսեց պարապմունքների հաճախել: Իսկ մորս հորեղբոր ամբողջ ընտանիքը դհոլչիներ էին: Դհոլչի Էֆոյին գիտե՞ք՝ նրանց սերնդից է:

Մանկապարտեզում ինձ անընդհատ երգացնում էին: Ես էլ կատարում էի «40 տարիս լրացավ» երգը: Մի պահ գիտակցեցի, որ դա ինձ սազական երգ չէ, բայց երևի թե զվարճալի էր բոլորի համար: Մի անգամ էլ չդիմացա ու ապտակեցի դաստիարակչուհուս ականջին, որ ստիպում էր ինձ այդ երգը երգել: Լուրջ վնասվածք ստացավ, ինձ էլ պատժեցին, բայց արդյունքում նոր ռեպերտուար կազմեցի:

Ֆուտբոլ էի խաղում, մի անգամ էլ վնասվածք ստացա, ինձ հիվանդանոց տարան: Հենց այնտեղ առաջին անգամ հանդիպեցի կիթառ նվագող մի տղայի: Հունաստանից էր եկել այստեղ ու Ռեյ Չարլզի երգերից մեկն էր նվագում: Աշխարհն ինձ համար շուռ եկավ: Այդ պահից սկսեցի երազել կիթառ ունենալու ու նվագելու մասին: Հենց տուն վերադարձա՝ բարձրացրեցի կիթառ ունենալու հարցը:

Վեցերորդ դասարանում կիթառ ունեցա: Բայց ամեն ինչ այդքան հեշտ չեղավ: Երաժշտական գործիքների խանութում երկու տեսակի կիթառ կար՝ 7,50 և 9,50 ռուբլի արժեր: Աչքս 9,50-ի վրա էր: Մայրս վերջապես ինձ տվեց երկար սպասված 7.50-ը: Մորաքրոջս տղան էլ ասաց, որ մի ռուբլի ունի հավաքած, ու կարող ենք դրանով «բիզնես անել»: «Հայրենիք» կինոթատրոնում «Հրաշալի յոթնյակ» ֆիլմն էին ցուցադրում, տոմսի համար հերթեր էր: Մենք որոշեցինք, որ մեկ ռուբլով չորս հատ 25 կոպեկանոց տոմս կգնենք ու կվերավաճառենք 50-ով: Ամբողջ օրը այդ գործի վրա էինք, 9,50 հավաքվեց, ու գնեցի երազանքիս կիթառը:
Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում եմ սովորել: Չնայած այդ ուղին չեմ շարունակել, բայց վստահ եմ՝ մաթեմատիկական մտածողություն ունեցող մարդը որևիցե ասպարեզում չի թերանում: Կրթությունս մինչև այսօր էլ օգնում է ինձ:

Իններորդ դասարանում արդեն խումբ հիմնեցինք, որ կոչվում էր «Պրիոր», իսկ հետո «Արձագանք» դարձավ: Հետագայում փոխվեց միայն հարվածային գործիքներ նվագողը, մնացած կազմը անփոփոխ էր: Բայց դպրոցական տարիներին նվագում էինք Ջիմի Հենդրիքս, «Բիթլզ» ու այլն:

80-ականներին «Արձագանքով» մեծ հաջողություն ունեցանք Ռուսաստանում: Բացառապես հայերենով էինք երգում: 1985 թվականին մեզ առաջարկեցին մնալ Մոսկվայում ու երգել ռուսերենով: Մենք չհամաձայնվեցինք ու վերադարձանք Հայաստան: Առաջարկը կենտրոնական հեռուստատեսությունից էինք ստացել, արդյունքում՝ մեր ելույթը «Песня года-85» համերգից կտրեցին ու չցուցադրեցին:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով