Ամսագիր Մարտ 2015 Թելից կախված

03 Մարտ 2015, 12:50
2205 |

Թելից կախված

Շարունակում ենք ուսումնասիրել Երևանի նախկինում խոշոր, իսկ այժմ՝ ամբողջությամբ կամ մասամբ լքված գործարանները: Այս անգամ այցելել ենք Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատ:

Խորհրդային Հայաստանի՝ գործվածքի, թելի, կտորի արտադրությանը ծառայող գործարանների ու կոմբինատների քանակն անցնում էր մեկ տասնյակից: Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատը այս մեծ և անխախտ աշխատող մեխանիզմի մեկ հանգույցն էր: Վերջինիս նշանակությունը և ծավալները պատկերացնելու համար բավական է «Վստրեչի» կամրջից հայացք գցել Գարեգին Նժդեհ 56 հասցեում գտնվող հսկայական՝ 6,1 հա տարածք զբաղեցնող, այսօր դատարկ, իսկ նախկինում՝ հսկայական արտադրանք տրամադրող կոմբինատի չափերին:

Կոմբինատը հիմնադրվել է 1951-ին։ 1958-ին միացել է Երևանի մահուդի ֆաբրիկային, 1963-ին՝ նորից անջատվել։ Կոմբինատն ուներ մանվածքային, գործվածքային և ներկման-վերամշակման արտադրություններ: Արտադրանքի 95%-ն իրացվում է Խորհրդային Միության մյուս հանրապետություններում։ Գործարանը ունեցել է երեք արտադրական բաժանում ՝ մանարան արտադրություն (ստացել են թել), գործվածքային արտադրություն (գործվածք) և ներկման վերջնամշակման արտադրություն (գունավոր կտոր):

Կոմբինատն օրական 32-35 հազար մետր, իսկ տարեկան մեկ միլիոն մետր գործվածք և հինգ տոննա տրիկոտաժե թել էր արտադրում: Ստացված կտորն էլ հետո վերածվում էր հիմնականում կանանց կիսաբրդյա զգեստների, շրջազգեստների և տղամարդու կոստյումների:

Կարգապահություն
Կոմբինատի պատուհանների լույսերը միշտ վառվում էին, գործարանն աշխատում էր 24 ժամ, աշխատողները երեք հերթափոխով էին գալիս՝ 07:00-15:30, 15:30-23:30, 23:30-07:00: Աշխատակիցների չդադարող աղմուկ, հաստոցների ձայներ (որը, ի դեպ, կոմբինատի աշխատողները շնորհակալությամբ կոչում էին «Աղմուկի ներդաշնակություն»), գործարանի առջևում իրար հետևից կանգնած մեքենաներ, որոնց վրա պատասխանատվություն էր դրված արտադրանքը միանգամից հասցնել սպառողին:

Լինում էր այնպես, որ ծավալները շատ մեծ էին և անգամ 24 ժամն էլ չէր բավականացնում: Բայց «չհասցնել» չկար, ուստի իմ զրուցակից, կոմբինատի բազմամյա աշխատակից, իսկ այժմ փաստացի լքված գործարանի տնօրեն Սվետա Սարգսյանը երբեմն ստիպված դիմում էր այլ միջոցների.

— Երբ արտադրության պետ էի, մի օր պլանը չէինք հասցրել, ինչ ձևով էլ լիներ պետք է ավարտեինք: Գնացել եմ, ջուլհակուհիներին խնդրել բերել եմ գիշերային սմենին: Ասում եմ՝ Նուշիկ, արի աշխատի, ասում է՝ չէ, չեմ աշխատելու, հոգնած եմ: Բայց ես գիտեի, որ ժամադրված էր ու տղայի հետ պետք է դուրս գար: Կոմբինատում դուռը փակեցի վրան, ստիպված գործը արեց: Բայց ամբողջ գիշեր լուսամուտից տղայի հետ խոսում էր, համատեղեց օգտակարն ու հաճելին:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով