04 Հուլիս 2014, 13:08
2768 |

Ցեղասպանության հերթական փաստը թուրքերենով

Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթերի ու վավերագրերի հիման վրա 2012-ին «Վան» հկ-ի աջակցությամբ հրատարակվեց «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կասրությունում. վերապրածների վկայություններ. փաստաթղթերի ժողովածու» եռահատորյակը: Գրքի երեք մասերն առանձին-առանձին ներկայացնում են Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի և Պարսկահայքի՝ 1915-ի զանգվածային կոտորածները: Եղեռնից փրկվածները կատարվածը պատմում են՝ չիմանալով, որ սպանդը համատարած ամբողջ կայսրությունում է կազմակերպվել: Պատմելիս նրանք չգիտեն էլ, որ դա հենց ցեղասպանություն է: Երիտթուրքերի բարբարոսությունը հետո է որակվել ցեղասպանություն:

«Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կասրությունում. վերապրածների վկայություններ. փաստաթղթերի ժողովածու» եռահատորյակը թարգմանվեց անգլերեն ու հրատարակվեց «Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ: Այնուհետև եռահատորյակը սեղմ ամփոփվել է մեկ գրքում: Թուրքական կառավարության «սև ցուցակում» գտնվող, բազմիցս բանտարկված թուրք առաջադեմ մտավորական Ռաքըբ Զարաքոլուն, տեղեկանալով գրքի մասին, ցանկություն է հայտնել այն հրատարակել թուրքերեն: Ժողովածուն թարգմանվել է, և Զարաքոլուն իր իսկ հրատարակչությունում այն լույս է ընծայել:

Գրքի թուրքերեն տարբերակը Զարաքոլուն իր հետ բերել է Հայաստան ու շնորհանդեսին ներկայացրեց հայ հասարակությանը: «Ցեղասպանության փաստերի մեջ համոզվելու համար թուրքական կառավարությունը տարիներ շարունակ աղաղակում էր՝ բացեք հայկական արխիվները: Ի դեմս այս գրքի՝ Հայաստանի արխիվները բացված են: Տեսնեմ հիմա՞ ինչ են ասելու, ի՞նչ արդարացումներ են փնտրելու: Գիրքը մեծ հաճույքով ներկայացնելու եմ թուրքական իշխանություններին»,- ասաց Ռաքըբ Զարաքոլուն:

Հայոց ցեղասպանությունը փաստող յուրաքանչյուր գրքի տպագրությունից հետո նա կալանավորվել է, բայց համառորեն շարունակում է մարդու իրավունքների պաշտպանի իր սկզբունքներին ծառայել:

Այս թեմայով