Ապրիլի 30-ին վարդագույն քաղաքի թավշյա պատերը գրկեց ջազը: 2012-ից ի վեր ամեն տարի այս օրն աշխարհը նշում է ջազի միջազգային տոնը: Երևանը, որպես այս երաժշտական ոճի անդավաճան երկրպագու, արդեն երրորդ տարին է, ինչ իր սիրտը բացում է սիրելի հնչյունների առջև ու տոնը նշում երևանյան ոճով՝ ավանդական «կասկադյան» համերգներով:
Հարյուրավոր երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր, համերգից մի քանի ժամ շուտ արդեն տեղ էին զբաղեցրել Կասկադի աստիճաններին ու հարակից սրճարաններում: Ջազասեր հանդիսատեսը համերգից մեծ ակնկալիքներ ուներ: Ինչպես նշեց հայկական ջազի վարպետ Լևոն Մալխասյանը, եթե ջազը կյանք է, ապա երևանյան ջազը՝ կենսակերպ:
76 տարվա հնեցման հայկական ջազն աշխարհում յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Հայ ջազմենների կոնյակի պես թավշյա, փայլուն ու անսպասելի կատարումները մինչ օրս ապացուցում են, որ հայկական ջազն անկրկնելի է:
Վիրտուոզ ջազմենների շարքերում «յան»-ով ավարտվող ազգանունները քիչ չեն: Երվանդ Երզնկյան, Մարտին Վարդազարյան, Արմեն Թութունջյան, Լևոն Մալխասյան և էլի շատ ջազմեններ մեկ բեմում հնչեցրեցին համաշխարհային ու հայկական ջազային լավագույն կատարումները:
Երևանին ջազ նվիրողներին քաղաքը յուրովի է շնորհակալ լինում: Տոնի կապակցությամբ երաժշտության այս ճյուղի մի քանի ներկայացուցիչներ արժանացան հուշամեդալների: