Մարտի 7-ին Hi-artonline կերպարվեստի և աճուրդի կենտրոնը «Ոսկե դար» պատկերասրահում բացեց միանգամից երկու ժամանակավոր ցուցադրություն: «Պոպ արտի 5 գույնը» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են թվով հինգ արվեստագետ կանայք՝ Սոնա Աբգարյանը, Դիանա Հակոբյանը, Մանան Թորոսյանը, Արփա Հակոբյանն ու Աստղիկ Մելքոնյանը: Ցուցադրության մեջ ընդգրկվել են ինչպես ֆոտո-արտ, ինստալյացիաներ, քանդակներ, գեղանկարներ, այնպես էլ խառը տեխնիկայով ու զանազան նյութերով ստեղծած աշխատանքներ: Կենտրոնի համոզմամբ՝ ցուցադրվող աշխատանքները լավագույնս արտահայտում են հեղինակների քաղաքացիական դիրքորոշումը:
Հայաստանում ապրող և ստեղծագործող ժամանակակից արվեստագետների կողքին Hi-artonline-ը շարունակում է ցուցադրել նաև հայկական ծագում ունեցող, բայց հայրենիքից դուրս ստեղծագործած հեղինակներին: Հենց այս առաքելության իրականացմանն է ծառայում «Հայ նկարիչները Ֆրանսիայում. 20-րդ դար» ցուցահանդեսը: Դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսից Փարիզում հաստատված և ստեղծագործած ավելի քան 300 հայ արվեստագետներից պատկերասրահում տեղ են գտել 20-ից ավելի հեղինակների կտավներ, որոնք Ֆրանսիայից Հայաստան են հասել արվեստասեր Սարգիս Գրիգորյանի ջանքերով: Մինչև ապրիլի 21-ը կենտրոնը ցուցադրության են ներկայացված «թշվառության երգիչ» Ժանսեմի ու օֆորտի վարպետ Էդգար Շահինի նուրբ գծանկարները, Լեոն Թութունջյանի ու Երվանդ Քոչարի սյուրռեալիստական հորինվածքները, Արսեն Շաբանյանի ու Վարդան Մախոխյանի անհանգիստ ծովանկարները, Ժան Գարզուի խճճված գրաֆիկան, Հովհաննես Ալխազյանի բնանկարները և այլոց աշխատանքները:
Hi-artonline կերպարվեստի և աճուրդի կենտրոնը շուտով մտադիր է կազմակերպել Հայաստանում առաջին դասական և ժամանակակից կերպարվեստի աճուրդը: Այն նոր էջ կբացի Հայաստանում քաղաքակիրթ արտ-շուկայի զարգացման, համաշխարհային կոմերցիոն միջավայրի հետ փոխհարաբերությունների ստեղծման պատմության մեջ: Աճուրդը տեղի կունենա ապրիլի 19-ին, իսկ այս ցուցադրությունն այցելուների համար հասանելի կլինի մինչև ապրիլի 21-ը: