Դեռ հայկական մուլտիպլիկացիոն ֆիլմերի սպառող չէր հասցրել կարգին ուրախանալ «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն» ընկերության «Քվանտային թռիչք» ֆիլմի իրական և վիրտուալ տիրույթներում շահած մրցանակներով, երբ նրա դատին հանձնվեց նոր անիմացիոն ֆիլմ: HY Pictures ընկերությունը Նարեկացի Արվեստի Միության հետ համատեղ էկրանավորեց Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթը:
Նախագծի նախապատմությունը սկսվեց Արցախում դեռևս 2013-ի ձմռանը, երբ ՆԱՄ Շուշիի մասնաճյուղում ֆրանսահայ նկարչուհի Մայդա Շանդեզ Ավագյանը կենտրոնի նկարչության դասարանի մի խումբ սաների հետ միասին, օգտագործելով մանրանկարչությունն ու թղթե կերպարներ, նկարեցին փոքրիկ պատմություն՝ «Գիրք մանկանց» կարճամետրաժ մուլտֆիմը:
Հաջողակ փորձը ոգեշնչման աղբյուր դարձավ ու որոշվեց նկարահանել ևս մեկ ֆիլմ: Սցենարի խնդիրը լուծվեց անմիջապես: 2013-ը Նարեկացիում հատարարված էր թումանյանական տարի, մնում էր միայն ընտրել հեքիաթը: Երկար քննարկումներից հետո որոշվեց էկրանավորել «Ծիտը»:
Հեքիաթը սցենարի վերածելուց հետո գործի անցան շուշեցի տաղանդավոր երեխաները և մոտ մեկ շաբաթում պատրաստեցին մուլտհերոսներին: Նկարահանումները նույնպես Շուշիում անցան:
Ֆիլմի հնչյունավորման աշխատանքներն արդեն Երևանի Նարեկացի կենտրոնի ձայնագրման ստուդիայում էին: Հեքիաթասացին հնչյունավորեց դերասան Կարեն Ջանգիրովը, իսկ գլխավոր հերոսին՝ ծտին, հնգամյա Ավետիս Իսկեյանը: Փոքրիկ հնչյունավորողը, չնայած բժիշկ դառնալու իր որոշմանը, այնուամենայնիվ ասաց, որ սկսել է մտածել հեքիաթասացի կարիերայի մասին ու ավելացրեց, որ իր հեքիաթում կպատմի, թե ինչպես փոքրիկ տղան հայտնվեց մուլտֆիլմի աշխարհում:
Ըստ ՆԱՄ կինոծրագրերի պատասխանատու Արևիկ Ավանեսյանի, սա մեկանգամյա նախագիծ չէ: Իրենք տրամադրված են էլ ավելի շատ հեքիաթներ էկրանավորել, իհարկե համապատասխան ֆինասավորում հայթհայթելու դեպքում: «Հայկական հեռուստաընկերությունների ակտիվ հետաքրքրվածությունը, մեր արտադրանքը գնելու ցանկությունը կխթանի հաջորդ մուլտֆիլմերի ստեղծումը: Անշուշտ, կարևորում ենք հայկական հեռուտաալիքներով այս ֆիլմի ցուցադրումը, սակայն ակնկալում ենք գոնե սիմվոլիկ վարձատրություն, որի շնորհիվ կկարողանանք նոր ֆիլմեր նկարահանել»:
8 րոպեանոց անիմացիոն ֆիլմի աշխատանքները տևել են մոտ յոթ ամիս: Երաժշտության հեղինակ Արտո Թունջբոյաջյանը ֆիլմի երաժշտական մասն ապահովելուց զատ նաև ֆիլմի համար խորհրդատուն էր: Առաջիկայում ֆիլմը նախատեսվում է թարգմանել անգլերեն, ռուսերեն ու ֆրանսերեն, ինչը հնարավորություն կտա այն ցուցադրել նաև միջազգային փառատոներում: