2013-ը հայկական գորգագործության համար բեկումնային տարի էր: ՀՀ կառավարության որոշմամաբ մշակութային քաղաքականության գերակա ճյուղ ճանաչվեց գորգարվեստի հանրահռչակումը:
Տարին նշանավորվեց գորգագործական մշակույթի վերաբերյալ տեղեկատվության տարածմամբ, պատմության, ավանդույթների ներկայացմամբ ու այլ միջոցառումներով: Գորգագործական միջոցառումների գագաթնակետը նոյեմբերի 20-22-ը մեկնարկող «Հայկական հանգույց. գորգագործության ավանդույթները» գիտաժողովն է, որի ընթացքում կքննարկվեն կարևորագույն հարցեր՝ հայկական գորգի ուսումնասիրման, գորգի, գործվածքի պահպանության ու վերականգնման հիմնախնդիրները, հայկական գորգերի գեղազարդման համակարգը և այլն:
Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից, Հայաստանից և ԼՂՀ-ից, ինչպես նաև գորգագործական կազմակերպություններ: