Կոմպոզիտորի 110-ամյակի առթիվ 2013-թվականը Լոս Անջելեսում հայտարարվել է «Արամ Խաչատուրյանի տարի»:
Հոբելյանական տարին պաշտոնապես կսկսվի մարտին Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ ու կամերային նվագախմբերի մենակատարների և «Դիլիջան» կամերային նվագախմբի ելույթներով: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում 14 000 տեղանոց Hollywood Bowl համերգային համալիրում կկայանա Խաչատուրյանի ջութակի համերգը, որից հետո՝ կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունների համերգների շարք:
Բացի դրանից, հոլիվուդյան կինոսրահներից մեկում նախատեսվում է ցուցադրել «Արամ Խաչատուրյան» վավերագրական ֆիլմը, իսկ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում «Հայ երաժշտության ընկերներ» խմբի մասնակցությամբ տեղի կունենա Խաչատուրյանի կյանքին ու գործունեությանը նվիրված դասախոսություն-համերգ: