«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամները հուլիսի 25-ին տորթ են թխել հատուկ Տարոն Մարգարյանի համար: Այն էլ ինչ տորթ. ոչ թե սովորական, այլ` 50-դրամանոցով: Ակտիվիստները նշեցին, որ փորձել են տորթն անձամբ ներս տանել, բայց շենքի գլխավոր մուտքի առջև կանգնած մի խումբ ոստիկաններ արգելում են քաղաքապետարան մտնել: Նախաձեռնության անդամներն ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանի միջնորդությամբ տորթը փոխանցեցին քաղաքապետին` խնդրելով հասցեատիրոջն ասել, որ սա ժողովրդի նվերն է Տարոն Մարգարյանին:
ImYerevan.com-ի հետ զրույցում Սանասարյանը նշեց, որ իրեն դեռևս չի հաջողվել տորթը հասցեատիրոջը փոխանցել, քանի որ կազմակերպչական բաժնից այն հետ են վերադարձրել և հիմա քաղաքացիների նվերը գտնվում է «Բարև, Երևան» դաշինքի սենյակում: «Քիչ անց նորից կպնդեմ, որ տորթը նրան փոխանցեն», - ասաց Դավիթը: