Համազգային հայ կրթական և մշակութային միությունը 2013-ի տարեսկզբին առաջին անգամ հայտարարեց «Լևոն Շանթ» թատերգության մրցույթ։ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից ստացվել է մասնակցության 51 հայտ, այսինքն' նույնքան պիես։ Մրցույթի հանձնաժողովի կազմում են թատրոնի ու գրքի մարդիկ'գրող Ռուբեն Հովսեփյանը, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, թատերագետ Սոնա Մելոյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և Համազգային միության ղեկավար Լիլիթ Գալստյանը։
«Լևոն Շանթ» թատերգության մրցույթի արդյունքներն ամփոփվել են։ 51 ստեղծագործություններից հանձնաժողովն ընտրել է 12-ը, որոնք այս աշնանը Համազգային միությունը կհրատարակի առանձին ժողովածուի տեսքով։ Լավագույն 5 պիեսների հեղինակներին հանձնվել են մրցանակներ։ Խրախուսականի և 200 000 դրամ պարգևի արժանացան սևանցի Հրաչ Բեգլարյանի «Ես, Մանվելը և համակարգիչը» և սիրիահայ Հուշիկ Ղազարյանի «Վաճառականներ» պիեսները։ Մրցանակային երեք տեղերից երրորդը զբաղեցրեց Արմեն Ճգնավորյանի «Այլաստվածային կատակը», երկրորդը' Սամվել Խալաթյանի «Գնացքի երկու տոմսը», իսկ առաջին մրցանակը ժյուրին հանձնել է Գուրգեն Խանջյանին' «Արտավազդ-Շիդար» ողբերգության համար։ Մրցանակային երեք տեղերի դրամական պարգևները համապատասխանաբար 600 000, 800 000 և 1 մլն դրամ է։
Մրցույթին ներկայացվել են երբևէ չտպագարված ու չխաղացված պիեսներ։ Մասնակիցները տարբեր տարիքի են' 18-86 տարեկան։ Ըստ մրցույթի մյուս պայմանի' առաջին տեղին արժանացած պիեսը կբեմադրվի Համազգային միության աջակցությամբ։
«Լևոն Շանթ» թատերգության մրցույթը ժամանակակից դրամատուրգիան խթանելու, նոր անուններ հայտնաբերելու, արժանի գործերը բեմ բարձրացնելու միտում ունի։ Թատրոնի մարդիկ մշտապես բողոքում են, թե չունենք թատերգություն, եղածները թույլ են, մակերեսային ու քիչ և հեռու են բեմական չափանիշներից։ Այդ պատճառով էլ ստիպված օտարագիր պիեսներ են վերցնում, մշակում ու հարմարեցնում հայ բեմին։ Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը հորդորում է թատերագիրներին' ստեղծել կենդանի պիեսներ։ «Սիրելիս, տաբատս չե՞ս արդուկի, սուրճը թափվեց և այլն, և այլն. այսպիսի երկխոսությունների ժամանակը վաղուց անցել է, մարդու ներքին աշխարհի ճիշտ ու համոզիչ վերլուծություն, մարդկային ճիշտ փոխհարաբերություններ ենք ուզում տեսնել բեմում։ Եթե պիես եք ուզում գրել, ուրեմն պիտի անպայման թատրոն գաք, դառնաք թատրոնի մարդ, այլապես ձեր գրածը շինծու կլինի»,- ժամանակակից երիտասարդ թատերգուներին հորդորեց ռեժիսորը, որը ծանոթ չէր մրցույթին ներկայացված պիեսներին, բայց ակնկալում էր' որպես նոր խոսք, դրանք մոտ ապագայում տեսնել բեմադրված։
«Լևոն Շանթ» մրցույթին ներկայացված պիեսներում գերակշռել են արտագաղթի ու արցախյան հերոսամարտի թեմաները։ Անգամ անտիկ ժամանակաշրջանին հայացք գցելով' դրամատուրգները թեման ու ասելիքը կամրջել են մեր օրերի մտահոգությունների ու մարդկային հոգու մշտնջենական փնտրտուքների հետ։