Կոմիտասի անվան պետական լարային քառյակը և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը հունիսի 29-ից հուլիսի 8-ը կազմակերպում են Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների հանրապետական 9-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվում է 1987 թվականից՝ երեք տարին մեկ:
Մրցույթի նպատակն է շնորհալի պատանի ջութակահարներ և թավջութակահարներ բացահայտել, նպաստել նրանց ուսմանն ու ստեղծագործական գործունեությանը, աջակցել միջազգային մրցույթներին մասնակցելու հարցում, ինչպես նաև՝ հանրահռչակել հայ կոմպոզիտորների լարային ստեղծագործությունները:
Մրցույթին Հայաստանի մարզերից և մայրաքաղաքից կմասնակցեն ավելի քան 30 պատանի ջութակահարներ և թավջութակահարներ' կրտսեր և ավագ տարիքային խմբերում: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ' առաջին, երկրորդ և երրորդ մրցանակի արժանացած մասնակիցները կստանան «Դափնեկրի դիպլոմ»-ներ և դրամական պարգևներ: Մրցութային ծրագրի երկրորդ փուլ անցած մյուս մասնակիցները կարժանանան պատվոգրերի: Սահմանված են նաև հատուկ մրցանակներ: