«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում մասնավորապես ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության արդյունքում հնարավոր է դարձել ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկալությունը: Նա նաև համաձայնել է վարպետության դաս անցկացնել երիտասարդ ռեժիսորների համար:
Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնի ծրագրում' հուլիսի 9-ին, տեղի կունենա գերմանական կինոյի օր, որը կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի «Հաննա Արենդ» (Hannah Arendt) ֆիլմի ցուցադրությամբ և ֆոն Տրոտտային' համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով: Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել նաև մի շարք գերմանացի պրոդյուսերների մասնակցությունը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7-րդ համատեղ արտադրության ֆորումին:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում կներկայացվեն Միկի Նեդիմովիչի Dva, Էրիկ Շմիդթի Rhino Full Throttle, Էլմար Իմանովի The Swing of the Coffin Maker գերմանական արտադրության և Էնգին Կունդակի «Արարատ» թուրք-գերմանական ու Էլկա Պապիաշվիլու «Աղջիկը Գորիից» գերմանավրացական համատեղ արտադրությունները:
Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունքը Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին և նրա դերակատարմամբ ֆիլմերի ցուցադրությունները: Լեհաստանի դեսպանության և Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի Լեհական կինոյի օրը: Կցուցադրվի Անտոնի Կրաուզեի «Սև հինգշաբթի» խաղարկայինը: Լեհական համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 7-14-ը: