Հունիսի 18-ին, ժամը 23:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:
Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ հրշեջ ծառայության 5 մարտական հաշվարկ: Թանգարանի հարևանությամբ բնակվող բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ հրդեհն առաջացել է անսարք էլեկտրական հաղորդալարերի կարճ միացման հետևանքով: Վարպետի գործերը չեն տուժել, դրանք տարհանվել են անվտանգ վայր: Թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը դեպքի վայրում ԱԻՆ փրկարարների հետ զրույցում նշեց, որ էլեկտրալարերի անսարքության մասին բազմիցս է անձամբ ահազանգել: «Հին շենք է, փտած հաղորդալարեր են, հոսանքալարերը հրդեհավտանգ են, հարյուր հատ բացատրագիր եմ գրել, ապարդյուն»:
00:30-ի սահմաններում հրդեհն արդեն մեկուսացվել ու մարվել էր: Հրդեհի հետևանքով վնասվել է նաև թանգարանի ջրամատակարարման խողովակներից մեկը և թանգարանի նկուղ ջուր է լցվել: Բարեբախտաբար, թանգարանի ցուցանմուշները չեն տուժել: Նշենք, որ թանգարանում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Հրդեհը բռնկվել է թանգարանի հետնամասում, հենց վերանորոգվող տարածքներից մեկում: