Նախաձեռնությունն Արեգինն էր, հետո միացավ «Բամբիռի» երգիչ ու կիթառահար Նարեկ Բարսեղյանը՝ իր հետ բերելով խմբի մյուս անդամներին: Եկավ նաև «Ոստան Հայոցի» երգիչ Յոհան Կոստանին: Փորձառու, տարբեր գագաթներ հաղթահարած լեռնագնացների հետ միասին սովորական մարդիկ էին, ովքեր facebook-ում էին կարդացել ակցիայի մասին:
Արագածի գագաթին առաջինը բարձրացել է գերմանացի բնագետ ու ճանապարհորդ Մ. Վագները 1843-ին: Նրան հետևեց կրկին գերմանացի երկրագետ ակադեմիկոս Հերման Աբիխը: Արագած բարձրացել են նաև Կովկասի հայտնի ուսումնասիրող ու լեռնագնաց Անդրեյ Պաստուխովն ու նաև Կոմիտաս վարդապետը:
Արագածը Հայաստանի և Հարավային Կովկասի ամենաբարձր լեռն է: Հազարամյակների ընթացքում տեղի ունեցած ժայթքումներն ու երկրաշարժերն ավերել են լեռան գագաթը՝ առաջացնելով խառնարան ու չորս գագաթ՝ հսկայական, ձնապատ քարե ծաղիկ: Արշավախումբը որոշել էր բարձրանալ ծաղկի թերթիկներից մեկի վրա՝ լեռան 3879մ բարձրություն ունեցող հարավային գագաթը: Եղանակը բարենպաստ էր. պա՜րզ-պարզ երկինք, ամենուր դեղնակապտավուն ծաղիկներով կանաչ դաշտեր, մեծ, նուրբ կակաչներ, մի քիչ հեռվում՝ դեռ ձնածածկ տարածքներ:
Արևը սկսում էր այրել, սակայն մեր շուրջը տարածված ձյան ծովն անսասան էր: Ընդհանուր առմամբ բավականին տաք էր, ձմեռային հանդերձանքով նույնիսկ շոգ: Ուզեցի հանել բաճկոնս, բայց միանգամից լսեցի նախազգուշացում՝ «ո՛չ մի դեպքում». ուղեկիցներս վախենում էին, որ այդպես ոչ թե կմրսեմ, այլ կայրվեմ: Ստիպված էի ենթարկվել:
Կարճ ընդմիջումների ընթացքում ավելի էինք մտերմանում, կիսվում տպավորություններով ու խոսում շատ հարցերի շուրջ, որոնց առօրյա կյանքում քիչ ենք անդրադառնում: Ասում էին, որ Արագածը պարանորմալ շրջան է, որ այստեղ տեղի են ունենում հրաշքներ: Ոմանց հավատում էին, որ այստեղ ՉԹՈ էին տեսել ու նույնիսկ շփվել այլմոլորակայինների հետ: Պատմում էին նաև, որ Արագած բարձրանալու համար պետք է արժանանալ լեռան բայրացակամությանը: Երևի այդ պատճառով էր, որ փորձառու լեռնագնացների համար յուրաքանչյուր արշավ ուխտագնացություն էր…
Լեռներից հասկացողներն ասում էին, որ Արագածը վտանգավոր է ամպամած ու քամոտ եղանակին: Քամիները մառախուղ են բերում, ինչի պատճառով մարդիկ կարող են միմյանց կորցնել: Անցյալ տարի Արագած բարձրացած երեք ուկրաինացիների փրկարարներն են իջեցրել: Բայց մենք վախենալու պատճառ չունեինք. պարզ եղանակը բոլորիս լցնում էր լավատեսությամբ:
Ծանր ուսապարկերից ու կիթառներից բացի հետներս տանում էինք տոպրակ, որի մեջ լցնում էինք աղբն ու նույնիսկ ծխախոտի մնացորդները: Շատերն են լեռը բարձրանալիս աղբ ու ուտելիքի մնացորդներ թողել, որոնք հետո ստիպված են եղել հավաքել Արագածի հանդեպ նման վերաբերմունք չհանդուրժող լեռնագնացները:
Լեռան լանջին հերթական դադարի ժամանակ ռոքերները որոշեցին համերգ տալ: Կիթառներին, շրթհարմոնին ու Արիկ Գրիգորյանի ֆլեյտային միացան ջրի դատարկ շշերն ու տարատեսակ թխկթխկոցները ու շվշվոցները: Աններդաշնակ ձայները ստեղծեցին շատ ուրախ մթնոլորտ: Սակայն պետք էր վերադառնալ գործին՝ գագաթը բարձրանալուն: Ահա՛ այն՝ ձյան կուրացուցիչ փայլի մեջ հայտնվեց աչքերիս առաջ: Երանության գագաթնակետն էր: Արեգ Նազարյանը կապվեց «Ռադիո Վանի» հետ, որտեղ հաղորդավար Եգոր Գլումովը զրուցում էր Մոսկվայից ժամանած կիթառահար «ոստանցու»՝ Դավիթ Մուշեղյանի հետ…
Մասնակիցներն անդադար իրենց տպավորություններն էին արտահայտում, «Գագաթը բարձրանալուց հետո չես կարողանում արածդ ընկալել, հավատդ չի գալիս… Բարձրանալու ժամանակ թվում է, որ գագաթը դեռ առջևում է, բայց նպատակակետին հասնելով՝ միագամից չես հասկանում դա: Ավելի ուշ ես սկսում մտքով և սրտով ըմբռնել, թե ինչի ես հասել… Այս զգացողության համար արժե ձգտել վերև՝ դեպի լեռնային երկնաբարձունք»: Իջնելը, իհարկե, ավելի դժվար էր… Բայց Արարատի չքնաղ տեսարանը մեղմում էր բոլոր դժվարությունները:
Այսօր Արագած բարձանում են թե՛ պրոֆեսիոնալ լեռնագնացներ, թե՛ սիրողներ: Գագաթ տանող ճանապարհին հանդիպեցինք տարբեր երկրներից եկած հիացած զբոսաշրջիկների: Այնպես էինք միմյանց ողջունում ու ժպտում, ասես հին ընկերներ էինք…
Բայց ի՞նչն է դրդում մարդկանց գագաթներ հաղթահարել: Այս հարցը ճանապարհի սկզբին տալիս էի ուղեկիցներիս, սակայն ոչ ոք այդպես էլ հստակ ոչինչ չկարողացավ ասել: «Լեռան գագաթին ինքդ կասես», - խորհրդավոր ասաց Արեգը: Հիմա գիտեմ, որ հնարավոր չէ ասել, թե ինչու մարդն ամբողջ ժամանակ կարիք ունի հայտնվելու էքստրեմալ իրավիճակներում: Հասկացա նաև, որ լեռնագնացությունը հրապուրում է ոչ այնքան սեփական ֆիզիկական հնարավորությունները ստուգելու, որքան կենցաղի ճահճուտից փրկվելու հնարավորությամբ: Ազատությունը զգալու ձգտում. սա է մարդկանց բերում լեռներ: Ազատությունն այստեղ այլ կերպ է զգացվում: Մարդու հիմնական նպատակը դառնում է ոչ թե գագաթին հասնելը, այլ կուսական բնության մեջ բարձրությունը զգալը: Լեռներում ապրած տպավորություններն արժեն հաղթահարելիք բոլոր դժվարություններին, մանավանդ որ հոգնությունն արագ է անցնում, ամբողջովին թրջված կոշիկներին ու այրված դեմքին էլ ուշադրություն չես դարձնում: Մնում են միայն ջերմ, անկեղծ ու մաքուր զգացմունքները…