15 Հունիս 2013, 11:01
1628 |

Խոսում ու երազում է քանդակագործը

Երևանի ճարտարապետական ու գեղագիտական նկարագիրը շարունակում է մտահոգել մտավորականների հատկապես ավագ սերնդին։ Ինչո՞ւ հենց ավագներին`պատասխանը տրամաբանական է. նրանք մեր մայրաքաղաքի ազգային դիմանկարին մի-մի ուրվագիծ են ավելացրել ու սրտի ցավով են ընդունում ամեն մի աղավաղում։ Նրանք վկան ու ժամանակակիցն են Երևանի ծաղկուն օրերի, քաղաքաշինական վերելքի, ճարտարապետական նվաճումների։ Կասկածում են` իրենցից հետո երիտասարդները հազիվ թե խիզախեն` հանուն հայկական ճարտարապետության ավանդույթների պահպանման։ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը նորարարությունների, ոճական սխրանքների կողմնակից է, բայց երբ դրանք ավելորդ խառնիճախանջություն ու քաոս չեն ստեղծում։ «Ներդաշնակություն. պետք է ամեն ինչ դրա սահմաններում լինի։ Ներդաշնակությունն է խաթարվել մեր քաղաքում. կարծում են` կամարներ դնելով`նորակառույցը հայկական են դարձնում։ Հոգի չկա, շունչ, կենդանություն չկա այդ շենքերում։ Ինչո՞ւ, երբ նայում ես հին շինություններին, թվում է` հետդ խոսում են, որովհետև հոգի ունեն։ Գաղափարախոսությամբ չեն կառուցվում նորերը, իսկ գաղափարախոսությունը գիտակցություն է դաստիարակում», - համոզված է քանդակագործը։

Մեր քաղաքում շատ են կիսանդրիները, մարդկանց արձանները` անձեր, անձեր, անձեր։ Լևոն Թոքմաջյանն ուզում է` այսուհետև գաղափարական-խորհրդանշական քանդակներ տեղադրվեն Երևանում, որ անցորդները կանգնեն-նայեն ու մի քիչ միտքները շարժեն` ի՞նչ իմաստ է դրել հեղինակը քարի մեջ։ Եթե իրեն դիմեին, կասեր` Կամերային երաժշտության տան այգում տարիներ շարունակ դրված այն մեծ քարի տեղում` վրան գրված. «Այստեղ տեղադրվելու է Առնո Բաբաջանյանի արձանը», Բաբաջանյանի «Նոկտյուրնը» կքանդակեմ։ «Ախր ես երաժիշտ եմ, չէ՞, ուզում եմ մի կոմպոզիցիա ստեղծել, Բաբաջանյանի արձանն արդեն ունենք Երևանում, թող սա էլ խորհրդանշական երաժշտական քանդակ լինի», - ոգևորվեց քանդակագործը։ Նրա կարծիքով քաղաքի կենտրոնը շատ է ծանրաբեռնված. հիմա էլ Հանրապետության հրապարակն են ուզում վերակառուցել։ Զարմանում է`ի՞նչը վերակառուցել ու ինչի՞ համար։ Համաձայն է` թող նախագծերն առաջարկվեն, ճարտարապետներն էլ իրենց խոսքն ասեն, քննարկեն, ընդհանուր ու ճիշտ հայտարարի գան։ Վիրավորվում է, որ ամենավերջում են մասնագիտական կարծիք հարցնում։ Վարպետը հույս ունի, որ Փակ շուկայի օրինակով մեր քաղաքի ապօրինի ու կամայական բոլոր շնությունները կքանդվեն։

Լևոն Թոքմաջյանը մեջբերեց աշուղ Ջիվանու խոսքերը. «Սոված նստած` վանքեր են սարքում»։ Քանդակագործի կարծիքով` Երևանում չափից շատ են եկեղեցիներ կառուցվում։ «Կուզեի, որ այսօրվա ճարտարապետությունը համահունչ լիներ հնին, որ մոնոլիտ մտածողություն ունենային քաղաքաշինությամբ զբաղվողները, որ մենք չօտարեինք մեզ Երևանից ու կոտրեինք կարծրատիպը, թե մեզ ոչ ոք բանի տեղ չի դնում, մեր կարծիքը հաշվի առնող չկա»,-երազում է քանդակագործը։ Հավատացած է` ամեն ինչ շտկվելու է Երևանում, արժեքները վերականգնվելու են, միայն թե ազգային մտածողությամբ հանդուգն ճարտարապետներ են պետք` պատրաստ խիզախումների։

Այս թեմայով