Ծիրանի եռուն բերքահավաքին երևանյան կինոդահլիճներում եռալու է կինոմթնոլորտը։ Շուրջ 96 երկրից «Ոսկե ծիրան» երևանյան 10-րդ կինոփառատոնը ստացել է մասնակցության 1 200 հայտ։ Ընդունվել է 200-ը, որոնցից 90-ն ընդգրկված է Վավերագրական, Խաղարկային, «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում։ Փառատոնի ժյուրիի կազմում մեծ էկրանի հայտնի վարպետներ են ընդգրկված' Իշտվան Սաբո, Անդրեյ Պլախով, Ջեյ Վայսբերգ։ Մեծ ցանկություն կա, որ պատվավոր հյուրերի գրավոր ցուցակն իրենց անուններով պատվող Արավազդ Փելեշյանն ու Շառլ Ազնավուրն իրականում էլ պատվեն կինոփառատոնը։ Ինքնաթիռի տոմսերը «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները նախօրոք են գնել, բայց վստահ չեն, որ ծախսն ու հույսերն ավելորդ չեն լինելու։ Այդ պատճառով էլ չեն շտապում ուրախանալ և ուրախացնել, թե Փելեշյանն ու Ազնավուրը հաստատ գալու են Երևան։ Ֆիլմերի հետահայաց ցուցադրում ու մեծարման երեկոներ' նրանց ներկայությամբ, թե բացակայությամբ, միանշանակ լինելու են։ Ազնավուրն ինքն է ընտրել իր մասնակցությամբ ցուցադրվելիք կինոնկարները' ապսպրել է հատկապես Ատոմ Էգոյանի «Արարատը»։ «Ոսկե ծիրանը» բացվելու է Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարին» ֆիլմով, որը 1960-ականներին դերասան Ազնավուրի կինոփառքը կրկնապատկեց։
Վավերագրական ֆիլմերի ծրագիրը ստացել է 700 հայտ' 63 երկրից. ընտրվել է ընդամենը 11-ը։ Փառատոնի չափանիշները խիստ են, միաժամանակ հաշվի է առնվել, որ ժյուրին ի վիճակի է դիտելու օրական 2 ֆիլմից ոչ ավելի։
Խաղարկային ֆիլմերի անվանակարգում մրցելու է 12 ֆիլմ. վերջին 12-րդի ճակատագիրն անորոշ է։ Բանն այն է, որ մի պրոդյուսեր թուրքական ֆիլմ է ներկայացրել, որի ռեժիսորին չեն գտնում։ Եթե որոնումները մինչև վերջ էլ ապարդյուն լինեն, թուրքականին մեկ այլ ֆիլմ կփոխարինի, միգուցե' հոլանդական կամ բելգիական։
«Հայկական համայնապատկերում» ընդգրկվել է 23 ֆիլմ' տեղի ու Սփյուռքի հայ կինոռեժիսորների աշխատանքներ։ Նախնական հայտերի ընդհանուր թիվն անցել է 100-ը։
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրն ամենաշատ հայտերն է ստացել' 900։ Ծրագրի համակարգող Արամ Շահբազյանն այս անգամ էլ չխնայեց հայաստանցի կինոռեժիսորներին. «Ինչպես նախորդ երկու տարիներին, այս անգամ էլ նրանք ներկայացրել են թույլ, դրամատուրգիական խեղճությամբ ու ասելիքի բացակայությամբ ֆիլմեր։ Կոշմարը շարունակվելու էր, բայց մենք շատ խիստ մոտեցանք աշխատանքներին, մաղեցինք ու թողեցինք միայն մեկ հայկական ֆիլմ' Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթը»։ Դիպլոմային աշխատանք է' լիովին արժանի դրսի արժեքավոր ֆիլմերի հետ մրցելու»։
«Ոսկե ծիրանը» կմեկնարկի հուլիսի 7-ին։ Որքան էլ փորձում են կազմակերպիչները փառատոնային ընթացքն ու ծրագրերը հստակեցնել, այնուամենայնիվ, շատ հանգամանքներ պարզ են դառնում վերջին ժամերին։ Փորձն է ցույց տվել։