Հայաստանի և ԱՊՀ շուրջ 20 պետական թատրոններ ու անկախ պրոֆեսիոնալ թատերախմբեր 8 օր շարունակ Գյումրին կդարձնեն տարածաշրջանի թատերական մայրաքաղաք. հուլիսի 1-8 Գյումրիում կանցկացվի «Դուետ» միջազգային թատերական փառատոնը' «Գյումրին ԱՊՀ տարածաշրջանում մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում:
Փառատոնի գլխավոր առանձնահատկությունը'կարող են մասնակցել միայն այն թատրոններն ու թատերախմբերը, որոնց ներկայացումներում գործող անձինք ընդամենը երկուսն են:
«ԴՈՒԵՏ» միջազգային թատերական փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 1-ին' Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի Դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ» ներկայացումով: Փառատոնը կփակի Կիևի «Սուզիրյա» ակադեմիական արվեստանոցի «Ժառանգը» ներկայացումը:
Փառատոնի հյուրերի շարքում են այնպիսի նշանավոր թատրոններ և արվեստագետներ, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի Դրամատիկական թատրոնը' դերասաններ Անատոլի Կոտի և Ստանիսլավ Էվենտովի մասնակցությամբ, դերասաններ Թիերի Շարպիոն և Լալի Մեիգնանը Ֆրանսիայից, Կիևի թատերական արվեստի ակադեմիական «Սուզիրյա» արվեստանոցը' Ալեքսեյ Վերտինսկու և Սերգեյ Օստապչուկի մասնկցությամբ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվ. Հայկական պետական Դրամատիկ թատրոնը և այլն:
Փառատոնային ներկայացումները կխաղացվեն Գյումրու Վ. Աճեմյանի անվ. Դրամատիկական թատրոնում և Արվեստների ակադեմիայի դահլիճում: