Վիլյամ Սարոյանի նովելներից չորսը միավորվել են մեկ ֆիլմում: 90 րոպե ընդհանուր տևողությամբ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը տարվա չորս եղանակներին տեղի ունեցող ինքնուրույն պատմությունների օրգանական միավորումն է մեկ սյուժեի մեջ: Ռեժիսոր Մարինե Զաքարյանի ֆիլմը ներկայացնում է Սարոյանի «Ամբողջ աշխարհը և բուն իսկ դրախտը», «Մաղադանոսի այգին», «Փասիանի որսորդը» և «Ծննդյան տոներից երեք օր անց» նովելները՝ ազատ էկրանավորմամբ:
Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության իրավատեր Սթենֆորդի համալսարանի եվրոպական տարածաշրջանային ներկայացուցչի և հայկական «Պարալլելս ֆիլմ» կինոընկերության միջև երկարատև բանակցությունների արդյունքում ստորագրվել է նովելների էկրանավորման և տարածման իրավունքի փոխանցման պայմանագիր:
Ֆիլմը, չնայած փոքր բյուջեին, առանձնանում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2011-ի աշնանը և ավարտվել են 2013-ին՝ ներառելով տարվա չորս եղանակները: Կաննի կինոշուկայում ֆիլմի իրավատերը համագործակցության հուշագիր է կնքել իսպանական ընկերության հետ՝ ֆիլմի ձայնային աշխատանքները Իսպանիայում իրականացնելու վերաբերյալ: Արտադրողները հույս ունեն ֆիլմն ավարտին հասցնել մինչև աշուն: