Հայկական ծագումով ամերիկյան պրոդյուսեր Քեթրին Սարաֆյանի Brave («Սրտովքաջ») անիմացիոն լիամետրաժ 3D ֆիլմը դարձել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստների ակադեմիայի (BAFTA) մրցանակի դափնեկիրը:
«Սրտովքաջ» -ի հետ մեկտեղ այս տարի լավագույն անիմացիոն ֆիլմի կոչման համար պայքարում էին «Ֆրանկենվինին» և «ՊարաՆորման»:
Նշենք, որ ավելի վաղ Pixar ընկերության արտադրության «Սրտովքաջը» արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի,(Golden Globe Awards) որպես տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ՝ հոլիվուդյան Արտասահմանյան մամուլի ասոցիացիայի վարկածով: Ֆիլմը նաև մրցել է Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի ամենամյա «Էննի» (Annie Awarads) մրցանակաբաշխության 8 տարբեր անվանակարգերում:
Բացի այդ, «Սրտով քաջը» հայցման է ներկայացված «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: Հաղթողները կհայտարարվեն փետրվարի 24-ին Ամերիկյան կինոակադեմիայի պարգևների հանձնման արարողության ընթացքում:
Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր՝ BAFTA կինոմրցանակների հանձնման 66-րդ արարողությունը տեղի ունեցավ Լոնդոնում փետրվարի 10-ին: Տարվա լավագույն ֆիլմ ճանաչվեց Բեն Աֆլեքի՝ Իրանում ամերիկյան պատանդների ազատման մասին պատմող «Արգո» գործողությունը» (Argo) կինոնկարը: ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի դերը Սթիվեն Սփիլբերգի նույնանուն ֆիլմում կատարած բրիտանացի դերասան Դանիել Դեյ-Լյուիսը արժանացավ BAFTA ոսկե դիմակին՝ որպես լավագույն դերասան: «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակ ստացավ ֆրանսուհի Էմանուել Րիվան, ով խաղացել էր ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեքեի «Սեր» (Amour) ֆիլմում: BAFTA մրցանակների քանակով բացարձակ չեմպիոն դարձավ «Թշվառները» (Les Miserables) մյուզիքլը, որը հաղթեց միանգամից 4 անվանակարգերում՝ «Լավագույն ձայն», «Լավագույն գրիմ», «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք», ինչպես նաև «Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի», որին արժանացավ Էնն Հեթեուեյը: