Հայ կոմպոզիտորների' թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների մեծ մասը կամ երբևիցե չեն կատարվել ու ձայնագրվել, կամ կատարվել են տասնամյակներ առաջ և վերականգնման կարիք ունեն: «Արս լունգա» դուետը ներկայացնում է նոր նախագիծ'«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա»:
Դուետը ծրագրի շրջանակում հավաքել է 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ' 12 ձայնասկավառակ յուրաքանչյուրում:
Ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվելու են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն քարոզող ռադիոկայաններին:
«Արս լունգա» դուետը ստեղծվել է 2009-ին, նրա կազմում թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանն ու դաշնակահար Ջուլիետա Վարդանյանն են: Դուետի կարևորագույն նպատակներից մեկը հայ ակադեմիական երաժշտության պահպանումն ու ամբողջ աշխարհով տարածումն է: