Կրկնակի տոն թանգարանների այցելուների համար. այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիան համընկել է Թանգարանների միջազգային օրվա հետ' մայիսի 18-ին: Նախորդ տարիներին ակցիան անցկացվում էր Թանգարանների միջազգային օրվան հաջորդող շաբաթ օրը:
«Թանգարանների գիշեր-2013» ծրագիրը կրում է «Թանգարանը' որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսը: Միջոցառումը հիանալի հնարավորություն է անվճար, գիշերային գողտրիկ միջավայրի ներքո հաղորդակից լինել թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտել թանգարաններում պահվող մշակութային արժեքները:
«Թանգարանների գիշեր- 2013»-ին մասնակցում է 88 թանգարան: Նախորդ տարվա համեմատ թանգարանների թիվն ավելացել է 21-ով: Այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիային են միացել Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանը, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը և Արցախի 5 թանգարան:
«Մի պատառիկ պատմությունից» /«A piece of the story»/ մուլտիմեդիա ծրագրի շրջանակում հայաստանյան 10 թանգարաններից յուրաքանչյուրը կներկայացնի ինքնատիպ պատմություն ունեցող մեկ թանգարանային առարկա:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977-ից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005-ից: