Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այսուհետև կանդամակցի Մոնրեալի, Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան և այս կարգի այլ հռչակավոր երաժշտական միջազգային մրցույթների ընտանիքին. Խաչատրյանի անվան մրցույթն ընտրվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ:
Որոշումը կայացվել է մայիսի 9-12-ին Թել Ավիվում անցկացվող WFIMC 57-րդ գլխավոր վեհաժողովում։ Այս կառույցը հիմնադրվել է 1957-ին։ Այսօր նրան անդամակցում են աշխարհի առաջատար 120 երաժշտական մրցույթներ։ WFIMC-ի նպատակն է բացահայտել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։
Անդամակցումը նոր հեռանկարներ է բացում և ևս մեկ քայլ է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին։