13 Մայիս 2013, 21:18
1308 |

Hollywood non-stop. դասական ռազմավարություն

Շրեկի, Հարրի Փոթերի ու Կնքահոր երաժշտությունը' դասական մեկնաբանությամբ: Պարադոքսալ թվացող այս համադրությունը դեռ 2012-ին իրականություն դարձրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Այդ ժամանակ, սակայն, Hollywood non-stop ծրագիրը հնչում էր հիմնականում երևանյան բուհերում: 2013-ին նվագախումբը սիրված հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեքերը որոշել է ներկայացնել մարզերում և արդեն ոչ միայն ուսանող-հանդիսատեսի համար: Երիտասարդական նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը խոստովանում է, որ հոլիվուդյան սաունդթրեքերի ցանկն ինքն է կազմել, բայց այս ցուցակը չափազանց օբյեկտիվ է. նվագախմբի կատարած երաժշտությունը հարազատ է յուրաքանչյուրին, ում մանկությունը կամ երիտասարդությունն ասոցացվում է հոլիվուդյան հին կամ նոր, բայց արդեն դասական դարձած ֆիլմերի հետ. «Պետք է խոստովանել, որ բոլոր ստեղծագործություններից ամենաբուռն ընդունելությանն արժանանում է Կնքահոր երաժշտությունը»:

Hollywood non-stop նախագիծը հայ-ամերիկյան համագործակցության մի մասն է, որը խիստ կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Դիրիժոր Սմբատյանի համոզմամբ' այս ծրագիրն օգնում է երիտասարդներին մոտեցնել դասական երաժշտությանը, որովհետև եթե երիտասարդ հանդիսատեսը մեկ անգամ գա նվագախմբի համերգին, լսի երգեր, որոնք ծանոթ են ու սիրված, հավանականությունը մեծ է, որ մի քանի ամիս հետո առանց վարանելու ներկա կլինի նույն նվագախմբի համերգին, որտեղ արդեն դասական կոմպոզիտորի գործեր կհնչեն: Այլ կերպ ասած' Hollywood non-stop-ը երիտասարդների շրջանում կվերացնի դասական երաժշտության նկատմամբ ֆոբիան»:

Դեռ մեկ տարի առաջ, երբ Hollywood non-stop-ը նորածին էր, Սերգեյ Սմբատյանը խոստացավ' ծրագրի հայկական տարբերակն էլ կլինի: Մեկ տարվա ընթացքում, սակայն, Երիտասարդական նվագախումբն այդպես էլ հայկական ֆիլմերի սիրված երաժշտությունը չներկայացրեց: Սմբատյանը հավատացնում է, որ իրենք շատ են կարևորում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, պարզապես հայկական սաունդթրեքերի դասական մեկնաբանությունն ավելի ժամանակատար է. «Մինչև այժմ հայկական ֆիլմերի երաժշտությունը ներկայացնող ծրագիր չենք կազմել, որովհետև, ցավոք, այն ժամանակ, երբ ստեղծվել են մեր լավագույն ֆիլմերը, սաունդթրեքերից շատերի նոտաները չեն պահպանվել, պետք է դրանք լսել ու նոտաները գրի առնել, իսկ սա այնքան էլ հեշտ գործ չէ, ավելի շատ ժամանակ է պահանջում, քան Hollywood non-stop-ը, որովհետև այս դեպքում բոլոր նոտաները մենք ստացել էինք Հոլիվուդից»:

Մայիսի 15-ին և 16-ին Hollywood non-stop-ը կներկայացվի Արամ Խաչատրյան համերգասրահում, ինչից հետո համերգային ծրագիրը կմեկնի մարզեր, որտեղ, ինչպես նշեց Սմբատյանը, պետք է լուծի արդեն ծեծված, բայց դեռևս արդիական խնդիր' ակտիվացնի մշակութային կյանքը:

Այս թեմայով