07 Մայիս 2013, 15:02
1734 |

Մի՛ դավաճանեք ձեր երազանքներին

Երևանի «Այբ» ավագ դպրոցում անցկացված «Հաջողության բանաձևը» վարպետության դասերի ընթացքում հրավիրված բանախոսները պատմեցին սեփական հաղթանակների ու ձեռքբերումների մասին:

Երկրորդ տարին անընդմեջ «ԵՐԵՎԱՆ» քաղաքային ամսագիրը, Actitour ընկերության և «Այբ» ավագ դպրոցի հետ համատեղ, կազմակերպում է «Հաջողության բանաձևը» ընդհանուր անվանումով դասախոսությունների շարքը: Այս միջոցառման հիմնական նպատակներից է օգնել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաև մոտիվացնել նրանց բարձր արդյունքների հասնելու համար' ներկայացնելով հաջողակ մարդկանց իրական պատմությունները: Այսպես, օրինակ, անցյալ տարի դասախոսություններով են հանդես եկել «Տրոյկա դիալոգ» ընկերության գործադիր տնօրեն Գոռ Նահապետյանը, ABBYY ընկերության փոխտնօրեն Արամ Փախչանյանը և «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը:

Այս անգամ «Հաջողության բանաձևի» ծրագիրը բաղկացած էր երեք դասախոսություններից: Միջոցառումը սկսեց Repat Armenia ֆոնդի համահիմնադիր Աշոտ Թումասյանը: Հեղինակը համառոտ ներկայացրեց հաջողության գրավականները, որի համաձայն հաջողությունն ու դրա բանաձևն առաջին հերթին բազմաթիվ տարբեր գործոնների համադրությունն է' ժառանգականությունից ու դաստիարակությունից մինչև շրջակա միջավայրի ներգործությունը: Վարպետության դասին ավանդաբար հաջորդող հարցերին պատասխանելիս' Թումասյանը ունկնդիրներին ժամանակի կառավարման վերաբերյալ մի քանի խորհուրդներ էլ տվեց և ընդգծեց հաջողության ճանապարհին ճիշտ խնդիրներ ու նպատակներ դնելու կարևորությունը:

Երկրորդ դասախոսությունը կարդաց «Ընծա» բարեգործական ֆոնդի հոգեբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը: Նա մանրամասն ներկայացրեց հանրապետության առանձին շրջաններում ֆոնդի կողմից կրթական հաստատությունների ֆինանսավորման ու բարեկարգման նախագծերը: Ծրագիրը սկսվել է Աղաջանյանի հարազատ գյուղում' Ծաղկունքում դպրոցի վերանորոգումով: Բանախոսը նաև պատմեց հավակնոտ ծրագրի' Հայաստանում ժամանակակից գյուղական դպրոցի արդյունավետ աշխատող մոդել ստեղծելու համար անհրաժեշտ հետագա քայլերի մասին:

Եզրափակիչ վարպետության դասը համատեղ վարում էին հատուկ «Հաջողության բանաձևին» մասնակցելու համար Մոսկվայից ժամանած երկու հյուրերը' Wordshop գովազդի ակադեմիայի և Ազգերի բարեկամության մոսկովյան համալսարանի դասախոս Անատոլի Յասինսկին ու հայտնի հեռուստապրոդյուսեր Յարոսլավ Նուվարևը: Նրանց աշխույժ ելույթի թեման էր «Սերունդների թեորեմը, կամ ինչպես համատեղ ապրենք' այսքան տարբեր լինելով հանդերձ»: Դասախոսության ընթացքում շոշափվող խնդիրները, պարզվում է, այնքան արդիական էին, որ չնայած ֆորումի ավարտի ուշ ժամին, հանդիսատեսը դեռ երկար քննարկում էր լսածն ու չէր շտապում ցրվել:

Չնայած բոլոր երեք դասախոսություններն էլ շատ տարբեր էին, գլխավոր հարցում բանախոսները համակարծիք էին. եթե ուզում ես հաջողության հասնել, ամենակարևորը ինքդ քո հանդեպ հավատը չկորցնելն ու սեփական երազանքներին չդավաճանելն է:

Այս թեմայով