«Մեկ տանիքի ներքո». 2013թ. մայիսի 13-19-ը հենց այս խորագրով կանցկացվի «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը:
Փառատոնն ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ' թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ'գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն: Փառատոնի նպատակն է աշխուժացնել մայրաքաղաք-մարզեր երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնել համագործակցության շրջանակը, փորձի փոխանակման արդյունքում կատարելագործել երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունները, ճշտել ստեղծագործական ձեռքբերումներն ու բացահայտել նոր անուններ: «ԱՐՏ-ՖԵՍՏ»-ի մասնակիցների թիվն անցնում է 130-ը:
Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը կորոշի մրցանակակիրներին և լավագույնները կցուցադրվեն նաև մարզերում: Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 13-ին, ժամը 18-ին Հյուսիսային պողոտայում:
Փառատոնը կազմակերպել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և ՀՀ մշակույթի նախարարությունը' Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: