Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայկական և պարսկական առասպելները: Հարցին պատասխանել է Մարիա Էվազյանը (Թերեզյան), որն ուսումնասիրել ու նկարագրել է դրանք իր' Իրանում լույս տեսած «Իրանա-հայկական առասպելաբանական աղբյուրների ընդհանրությունն ու հավատալիքները» գրքում: Գրքի համահեղինակը Անուշիկ Մալեքի Մահշմանդին է:
Հայաստանի աշխարհագրությունն ու պատմությունը, տոտեմիզմը, անիմիզմը, առասպելաբանությունը, հայկական միապետությունները՝ դրանք գրքի թեմաներից մի քանիսն են: Գրքի հեղինակի խոսքով՝ Իրանում և Հայաստանում էվոլյուցիան շատ առումներով նման է եղել, հատկապես երբ խոսքը վերաբերում է առասպելներին ու առասպելաբանական պատմություններին:
Գրքում ներկայացված է առասպելների հայկական և իրանական աղբյուրների համեմատական վերլուծությունը: Այն ընթերցողի ուշադրությունը սևեռում է երկու երկրների առասպելաբանական հավատալիքների ընդհանուր գծերի վրա: Գրքում քննարկվում է երկու երկրների պատմական ֆոնը և նրանց մշակութային ընդհանրությունները: