Հայաստանում ապրիլի 25-ին մեկնարկած Լեհաստանի օրերն այս տարի ավելի արտահայտված վիզուալ ուղղվածություն ունեն և մեծամասամբ նվիրված են թատրոնին, կինոյին և երաժշտությանը:
«Նարեկացի» արվեստի ինստիտուտում և The Club ակումբում կցուցադրվեն լեհական ժամանակակից ֆիլմեր'«Վինչի», «Դատական կատարածու», «Եղեգ», «Տեստեստերոն», «Պարտք», «Գիշերային զրույցներ»: Սպասվող ամենամեծ իրադարձությունը «Պրոմնի» երիտասարդական ժողովրդական համույթի համերգն է, որը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 11-ին: Համույթը ելույթ կունենա նաև Եվրոպայի Օրվա շրջանակներում' մայիսի 12-ին:
Ապրիլի 28-ին «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը օրը կնվիրի լեհական ներկայացումներին: Թատերասերներն այդ օրը հնարավորություն կունենան դիտել լեհ դերասաններ Բոգուսլավ Կիերցի «Իմ դիմակ», Աննա Սկուբիկի «Ֆեդրա» և Մատեուշ Օլշեվսկիի «Նովչենտո» ներկայացումները: Իսկ արդեն ապրիլի 30-ին տեղի կունենան Կշիշտոֆ Գրաբովսկիի «Միկլա», և Աննա Սկուբիկի «Կոտրված եղունգներ» ներկայուցումների ցուցադրությունները:
Լեհաստանի օրերի շրջանակում ապրիլի 29-ին լեհ կատարողների հայ երկրպագուները կկարողանան ունկնդրել «Կռակով դուո» համերգը, մայիսի 24-ին Երևանում ելույթ կունենա ազգային երաժշտության անսամբլ «Չուպագա»-ն, մայիսի 27-ին կկայանա Վիտոլդ Լուտոսլավսկիին նվիրված երեկոն: Լեհաստանի օրերի շրջանակներում միջոցառումները կտևեն մինչև հունիսի 4-ը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: