Երևանում առաջին անգամ անցկացվող «Ի սկզբանէ էր բանն» պոեզիայի միջազգային փառատոնի օտարազգի հյուրերի մեջ կան նաև հայկական արմատներ ունեցող բանաստեղծներ, որոնք այդ իրողությունն օգտագործում են ի նպաստ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման։ Իրենց տոհմի պատմությունները ներկայացնելով' նրանք օտարների ուշադրությունն են հրավիրում Հայկական հարցի վրա, միաժամանակ Եղեռնի փաստը կարմիր գծի նման անցկացնում իրենց գեղարվեստական ստեղծագործություններում։
Հյուրընկալված գրողները պատմում են Հայաստանի հետ ունեցած իրենց կապի մասին:
Ալան Ուայթհորն (Կանադա) - Տատիկս Մեծ եղեռնից փրկվել ու գաղթել է։ Ես ամբողջ կյանքում ջանացել եմ վերականգնել ու վերագտնել իմ հայկական արմատները։ 2005-ին առաջին անգամ եկա Հայաստան: Երբ Կանադա վերադարձա, մի գիրք գրեցի հայրենիքիս մասին ու հպարտորեն ներկայացրեցի կանադացիներին։ Ես դասախոսում եմ բուհերում, պատմում նաև Հայոց ցեղասպանության մասին։ Ցերեկը ես գիտնական-դասախոս եմ, երեկոյան' բանաստեղծ' ազատ ու պատրաստ մտքերս հանձնելու թղթին։
Մարսելա Փոլեյն (Ավստրալիա) - Առաջին անգամ եմ Հայաստանում, անբացատրելի են զգացողություններս։ Երբ ինքնաթիռում երկնքից տեսա Արարատը, չեք պատկերացնի' ինչ կատարվեց ինձ հետ։ Արյան կանչ, արմատների ոգի. ամեն ինչ խառնվել էր։ Այնքան երախտապարտ եմ բոլորին, որ այս փառատոնն առիթ դարձավ' տեսնել իմ պապերի երկիրը։
Աբդո Լաբակի (Լիբանան) - Պոետներն ի զորու են այնպես սիրել, որ նրանց սերը միացնի ժողովուրդներին։ Իմ երկրում ինձ ճանաչում են ոչ միայն որպես բանաստեղծի։ Ես դասավանդում եմ նաև հայկական դպրոցում, շատ հայ ուսանողներ ունեմ։ Ջանում եմ հայ մշակույթը, պատմությունը, գրականությունը ճանաչելի դարձնել օտարին։ Սեպտեմբերին նորից եմ գալու Հայաստան, հետո գնալու եմ Արցախ' մասնակցելու այնտեղ կայանալիք պոեզիայի փառատոնին։
Աննա Սանտոլիքուիդո (Իտալիա)- Իմ պատանեկան հուշերում անջինջ է Տիրամոր սրբատեղին, որը հայերն էին կառուցել Ֆորենցիայում։ Մայրս, իտալացի ուրշ կանայք էլ էին աղոթում այնտեղ։ Ֆլորենցիայում հայեր են ապրել դեռ 1000 թվականից, այնպես որ, հայկական միջավայրին դեռ շատ տարիներ առաջ եմ ծանոթացել։
«Ի սկզբանէ էր բանն» պոեզիայի փառատոնի հյուրերը ոգևորությամբ ցույց էին տալիս այն հայալեզու գրքերը, որ տպագրվել են իրենց երկրներում ու խոստանում էին' Հայաստանում անցկացրած ամեն րոպեն նոր գիրք ու բանաստեղծական շարք է դառնալու։