12 Ապրիլ 2013, 17:46
2445 |

Քարե երազներ, որոնք ջրին չես պատմի

«Քարե երազներ» գրքի հեղինակ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին Բաքվի հայկական ջարդերի ականատեսն է եղել, գրքի հրատարակումից հետո հեղինակը խոստովանել է՝ լռել չէր կարող։ Տեսածն ու լսածը թղթին հանձնելուց նրան հետ չպահեց նույնիսկ ներկայիս Ադրբեջանի ակնհայտ շովինիստական, հայերի ու հայկականի նկատմամբ անեծքով լի մթնոլորտը: Ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրում «Քարե երազների» տպագրվելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագիրը, որով նա գրքի հեղինակին զրկեց «Ժողովրդական գրող» կոչումից և անհատական նախագահական կենսաթոշակից, երևի չարիքներից նվազագույնն էր: Այլիսլիի նկատմամբ հալածանքներիշ գագաթնակետը «Յենի Մուսավաթ» կուսակցության առաջնորդի հայտարարությունն էր' 10 000 մանաթ պարգևավճար Այլիսլիի ականջը կտրելու համար:

Իհարկե, այս պատմությունը չէր կարող անտարբեր թողնել հայերին։ Լեոնիդ Զիլֆուղարյանը մեկ շնչով՝ ընդամենը 3 շաբաթում, գիրքը թարգմանեց հայերեն։ Ասում է, որ ադրբեջանցու ձեռքով գրված պատմությունը հայերի զանգվածային ջարդերի մասին աննկարագրելի տպավորություն է թողնում։ «Այս գիրքը պարտավոր է կարդալ յուրաքանչյուր հայ»,- համոզված է նա։ Թարգմանչի կարծիքով գրքի ամենահետաքրքիր դրվագները Այլիսի, նույն ինքը' հայոց պատմական Ագուլիսի մասին հատվածներն են: «Գրողը սիրում է իր ծննդավայրը, իր զգացողություններն ու հիշողություններ անկեղծ է ներկայացրել»: Լեոնիդ Զիլֆուղարյանը կարևորում է՝ գրողն իր հերոսի միջոցով կարևոր պատմական փաստեր է հաղորդում: «Ավելի շատ պատմում է Ագուլիսի պատմության, դարասկզբին այնտեղ կատարված կոտորածի և վերջին հայ բնակիչների մասին, ինչը բավականին ազդեցիկ է նկարագրվում, բնականաբար, մի քիչ գեղարվեստական հորինվածք էլ կա»:

Գրքում նկարագրված իրական պատմության հերոսներից մեկն էլ մեզ հայտի ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին է։ Նա այսօր հիշում է այդ օրերն ու հուզվում։ 14 տարեկանում մի օր նա գնացել էր Սուրբ Թովմա Առաքյալի վանքի բակ՝ նկարելու, իսկ իր տատը այնտեղ խոսելիս է եղել մի երիտասարդի հետ և նրա հեռանալուց հետո ասել է. «Կրթված, խելացի տղա է»: Այդ խելացի տղան էր, որ տարիներ հետո դարձավ անվանի գրող Աքրամ Այլիսլին և իր բազմաթիվ գործերի կողքին ստեղծեց նաև «Քարե երազները»: Լուսիկ Ագուլեցու կարծիքով' Այլիսլին ունեցել է յուրահատուկ «երրորդ աչք», որը հնարավորություն է տվել զգալ այդ ամենը, ըմբռնել և ներկայացնել ընթերցողներին:

«Քարե երազների» հրատարակումը հայերեն նախաձեռնել է «Նորք» հրատարակչությունը: Պլանավորված է, որ գիրքը վաճառքում կհայտնվի սույն թվականի ապրիլի 15-ին:

Այս թեմայով