Դեռ Խորհրդային տարիներին Դոնեցկի «Շախտյորը» համարվում էր Երևանի «Արարատի» ամենաանհաշտ ու անհարմար մրցակիցներից մեկը: Հայ ֆուտբոլասերն էլ հասկանալի պատճառներով չէր սիրում այդ թիմին: Եվ ինչպես սիրեր, եթե արարատցիների բարձրարվեստ ու տեխնիկապես գրագետ գործողություններին դոնեցկցիները մշտապես հակադրում էին կոշտ, ֆիզիկական աշխատանք` խփիր-վազիր սկզբունքով:
Այսօր իրավիճակն այլ է: «Շախտյորը» դարձել է հայ ֆուտբոլասերների աչքի լույսը և այդ թիմի յուրաքանչյուր հաղթանակ մենք ընդունում ենք ինչպես սեփականը: Իհարկե, «Շախտյորը» Միրչա Լուչեսկուի ղեկավարությամբ բավականաչափ աճել է և այժմ դասվում է եվրոպական առաջատար ակումբների թվում, սակայն ամենակարևոր գործոնը Հենրիկ Մխիթարյանն է` հայկական ֆուտբոլի ներկայիս ամենավառ ներկայացուցիչը:
Հենրիկն արդեն երրորդ տարին է՝ կրում է հանքափորների մարզաշապիկը, դարձել է թիմի առանցքային խաղացողը և իր բարձրակարգ ու արդյունավետ խաղով հիացմունք է պատճառում ֆուտբոլային աշխարհին:
Հարկ է նշել, որ դեռ մեկ տարի առաջ որոշակիորեն զգացվեց, որ «Դոնբաս Արենան», կարծես, արդեն նեղ է Հենրիկի համար: Մխիթարյանի վարպետությունն ակնհայտ աճել էր, եվրոպական որևէ գրանդ-ակումբ նրա տեղափոխվելը՝ հասունացել: Եվ իսկապես, ամռանը մի քանի թոփ ակումբներ սկսեցին հետաքրքրվել Հենրիկով՝ նրա տրասնֆերի համար տարբեր գներ էին առաջարկվում, բանակցություններ վարում: Բայց արդյունքում Մխիթարյանը, այնուամենայնիվ, մնաց «Շախտյորում» և մեկնարկեց 2012-2013 թթ. մրցաշրջանում: Եվ ինչպե՛ս մեկնարկեց: Դա պարզապես ֆանտաստիկա էր. նրա խփած գոլերը հորդում էին, ասես, առատության եղջյուրից: Կասկածից վեր է, որ այսօր Հենրիկի տրանսֆերով հետաքրքրվող շատ թիմերի մարզիչներ իրենց չեն ներում, որ ժամանակին ձեռք չբերեցին տաղանդավոր հայ ֆուտբոլիստին: Իսկ Հենրիկի տրանսֆերի գինն օրեցօր աճում է, որովհետև հայ ֆուտբոլիստն օրեցօր հզորանում ու նորանոր գոլեր է խփում: Այս տարի Ուկրաինայի առաջնության 23 խաղերում Հենրիկը 21 գոլ է հեղինակել, ևս երկուսը խփել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խաղերում: Նա Մեսսիի և Ռոնալդուի հետ պայքարում է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար, իսկ դոնեցկյան թիմի երկրպագուները գրեթե մշտապես Հենրիկին կամ նրա խփած գոլը լավագույնն են ճանաչում ակումբի կողմից անցկացվող ամենամսյա հարցումներում:
Ապրիլի 8-ին Դոնեցկի «Շախտյորն» իր հաղթարշավը շարունակեց Կիևում` 2:1 հաշվով շահելով չափազանց սկզբունքային հանդիպումը մայրաքաղաքային «Դինամոյից»: Եվ դարձյալ փայլատակեց Հենրիկ Մխիթարյանը, ով երկու գոլ հեղինակեց: Նա միայնակ խփել է իր թիմի խփած բոլոր գոլերի ուղիղ մեկ երրորդը. Իսկ ևս մեկ գոլ խփելու դեպքում, ինչը միանգամայն սպասելի է մնացած յոթ խաղերում, Հենրիկը կկրկնի Ուկրաինայի ֆուտբոլային պատմության ռմբարկուական լավագույն ցուցանիշը` 22 գոլ:
Ամռանը կբացվի տրանսֆերային պատուհանը, և կասկածից վեր է, որ Հենրիկ Մխիթարյանը նոր առաջարկների պակաս չի ունենա (այսօր արդեն դրանք քիչ չեն), և կարելի է համոզված լինել՝ «Շախտյորի» ղեկավարությունը շահագրգիռ մոտեցում կցուցաբերի ու իր առաջատար ֆուտբոլիստի համար կընտրի մարզական կարիերան վերընթաց շարունակելու լավագույն տարբերակը: