04 Ապրիլ 2013, 19:07
2149 |

Ինտերնետի նետերը

Ապրիլի 4-ն ինտերնետի և համակարգիչների պաշտպանության օր են հայտարարել ոլորտի հայաստանյան մասնագետները: Տոնը պատեհ առիթ է՝ բարձրաձայնելու վիրտուալ աշխարհի հիմնախնդիրներն ու քննարկելու ընդհանուր իրավիճակը: «Ինտերնետ-հասարակություն» ՀԿ նախագահ Գրիգորի Սաղյանը կարևորագույն հարցերից է համարում կայքերն ինքնակամ արգելափակող ընկերություններին ինչ-որ կերպ պատասխանատվության ենթարկելու, նրանց գործունեությունը վերահսկելու անհրաժեշտությունը:

Փաստ է, որ ոլորտը որևէ օրենքի չի ենթարկվում, հեռահաղորդակցության դաշտը բաց է ու մեծ մասամբ՝ անվերահսկելի: Նշանակում է՝ եթե տվյալ երկրի տվյալ ընկերությունը կամ հենց թեկուզ կառավարությունը գտնում է, որ տվյալ կայքը վնասակար ազդեցություն կարող է թողնել իր ժողովրդի կամ ժողովրդի որոշ հատվածի, ասենք, երեխաների վրա, իր շահերից ելնելով կարող է արգելափակել այն: Օրինակ, Ռոստելեկոմը տարանցիկ միացում է ապահովում Հայաստանի համար ու, փաստորեն, այդ կազմակերպության բարեհաճությունից է կախված՝ այս կամ այն կայքից Հայաստանը կարո՞ղ է արդյոք օգտվել: Ինտերնետ-կայքերի արգելափակման չափանիշները դեռևս մշակման փուլում են, օրենքներով կամ կանոններով գործելու որոշումներ չկան:

Իրանի կառավարությունը հստակ սահմանափակումներ է դրել ինտերնետի բովանդակության վրա: Պետական նույն քաղաքականությունն է որդեգրել Չինաստանը, որը համարվում է ամենամեկուսացած երկիրը նաև ինտերնետի սփռման ու բովանդակային անհասանելիության առումով, հիմնականում կանխում է քաղաքական տեղեկատվության հոսքը: Չինաստանն ուրիշ երկրների ինտերնետ միացումներից չի օգտվում: Ինքն է հոգում սեփական կարիքները և իր նախանշած սահմանների տիրույթում ստեղծում սեփական ինտերնետ-կապ:

Վերջերս Դուբայում անց է կացվել միջազգային համաժողով. բազմաթիվ խնդիրներ են առաջ քաշվել, որոնցից մեկն էլ ինտերնետի բովանդակության վերահսկման հարցն է: Տասնյակ երկրներ դժվարանում են ընդհանուր հայտարարի գալ՝ ազա՞տ թողնել դաշտը, թե՞ , այնուամենայնիվ, հսկել ու սահմանափակումներ դնել: 55 պետություն, այդ թվում ՝ Հայաստանը, չի ստորագրել միջազգային պայմանագիրը: Շատ են պոռնոգրաֆիկ, աղանդներ տարածող, ինքնասպանություն, բռնություններ քարոզող կայքերը: Սա հոգեբաններին վերաբերող խնդիր չէ, որ սպասենք, թե ինչպես են նրանք կողմնորոշելու սպառողներիս՝ օգտվե՞լ նման կայքերից, թե՞ խուսափել: Սա յուրաքանչյուր երկրի, ժողովրդի ռազմավարական նշանակության հարց է: Ոչ ոք չի ժխտում՝ ինտերնետի ազդեցության ծավալն այսօր հսկայական է, բայց ինչպե՞ս խուսափել դրա վնասակարությունից:

Մասնագետները ոչ մի ելք չեն նախանշում: Տեղեկատվական դաշտը բաց է ու հասանելի, նաև՝ վտանգներով լի: Ինտերնետ-մարտահրավերները նույնպես փորձություններով լի են: Օրինակ՝ մի ընկերություն կարող է տվյալ երկրի վրա գրոհել 300 գեգաբիթ/վրկ արագությամբ ինտերնետով ու ոչնչացնել այդ երկրում գործող ցածր արագության ինտերնետ-կապը: Մարդկային չարակամությունը սահմաններ չունի: Հնարավոր չէ խուսափել կամ պաշտպանվել նաև Facebook-յան ֆեյքերից, որովհետև, օրինակ, Ռուսաստանում հատուկ գնացուցակով մարդիկ են աշխատում, ովքեր էլ հենց գրում են այդ ֆեյքերը: Այնպես որ, առաջին հայացքից կարող է թվալ, թե նման գրոհները մասնավոր անձանց նախաձեռնությունն է, իրականում ամեն ինչ վերահսկվում ու կառավարվում է Մեծ ձեռքի կողմից:

Աշխարհում ամենաշատ ինտերնետ օգտագործում են սկանդինավյան երկրները, Հարավային Կորեան, Սինգապուրը: Աշխարհում չկա մի երկիր, որն ինտերնետ չունենա: Ինչ ճանապարհով էլ լինի այն ներթափանցում է ցանկացած տարածք: Պետությունների ղեկավարները չեն արգելում ինտերնետի տարածումը, որովհետև դրանով կարելի է ցանկացած գաղափար քարոզել ու կարճ ժամանակում մեծ հաջողության հասնել: Ինտերնետը մարդկանց ուղեղներն աքցանի մեջ պահելու հրաշալի հնարավորություն է, թեև առաջին հայացքից ազատարար, այլընտրանքային ու այլախոհ տեղեկատվություն տարածողի համարում ունի: Մեր տարածաշրջանում Հայաստանը համարվում է ինտերնետի մեծ պահանջարկ և օգտագործման լայն տիրույթներ ունեցող երկիր: Ի դեպ, համեմատության կարգով գներն էլ բարձր չեն մեր երկրում:

ԱՄՆ-ում ինտերնետ կապն արժե ամսական 50 դոլար, Եվրոպայում՝ 100: ԱՄՆ-ում ինտերնետ-կապի որակը շատ ցածր է, որակյալ միացումը թանկ արժե: Հայաստանում մեկ մարդուն ամսական անհրաժեշտ է 2 մեգաբիթ/վրկ, թեև իրականում սպառումը մեկ մարդու հաշվարկով նշվածից ավելի քիչ է: Կոպիտ հաշվարկով մեր երկրում ինտերնետից օգտվողների թիվը մոտ 900 000 է, այդ թվում՝ բջջային հեռախոսներով սպասարկվողները: Պահանջվող և սպառվող ինտերնետ կապի արագությունը 40-50 գբ/վրկ Է: Ըստ վիճակագրության՝ ինտերնետի պահանջարկը մեր երկրում բարձրակետին է հասել 2011-ին, հետո կայունացել ու կանգնել է: Հայաստանում կա սպառողների 5 տոկոս, որն ամսվա կտրվածքով ավելի շատ է ինտերնետ կապ օգտագործում՝ամենաբարձր արագությամբ, քան մնացած 95 տոկոսը՝ միասին վերցրած: Մեծ տարածում ունի Facebook սոցցանցը: Ռուսաստանում այն նվազ պահանջված է, փոխարենը մոդայիկ է В контакте-ն: Facebook-ը մեր երկրում ավելի շատ քաղաքական դիրքորոշումներ տարածելու և քարոզելու նպատակ է հետապնդում. ինտերնետ և հասարակություն կապն ուսումնասիրողների կարծիքն է:

Միանշանակ է համոզմունքը, որ Skyp-ը վերահսկվում է, խոսակցությունը շիֆրավորվում է:
Մասնագետական հաջորդ համոզմունքն է՝ համակարգիչների հակավիրուսային անվճար ծրագրերն ավելի որակյալ ու շահավետ են, քան վճարովի ծառայությունները:

 

Այս թեմայով