Ծաղկազարդը կամ Ծառզարդարը հայ առաքելական եկեղեցու սիրելի տոներից է: Աստվածաշնչյան պատմությունը վկայում է, որ երբ Հիսուս Քրիստոսն ավանակի վրա նստած մտել է Երուսաղեմ, հրեա հավատացյալները Տիրոջ առջև փռել են իրենց հանդերձները՝ ի նշան մեղքերի թողության: Նրանք նաև ձիթենու և արմավենու ծաղկած ճյուղերով են զարդարել Տիրոջ ճանապարհը: Հիսուս Քրիստոսը հարություն էր պարգևել մեռած Ղազարոսին, իսկ ծաղկած ճյուղերը մահվանը հաղթելու խորհուրդն ունեն:
Ծաղկազարդը նախաքրիստոնյա հայերի ամենատարածված տոներից է: Բազմաստվածության շրջանում այն խորհրդանշել է գարնան գալուստը, բնության զարթոնքը և Արա աստծո՝ Արա Գեղեցիկի հարությունը: Սիրահար տղաները մոմի վրա մատանի են հագցրել՝ ի նշան սիրո խոստովանության ու ամուսնության առաջարկության: Եթե աղջիկը մատանին մոմից հանել ու իր մատին է դրել, նշանակել է՝ համաձայն է: Ոչ հեռավոր անցյալում գյուղերում սովորույթ է եղել. Ծաղկազարդին երեխաները փոքրիկ պարկերով շրջել են տնետուն ու հավկիթներ հավաքել, որոնք հաջորդ կիրակի ներկել են:
Ծաղկազարդին հայ առաքելական եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, կատարվում է նաև մանուկների օրհնության կարգ: Հոգևորականներն օրհնում են դալար ուռենու ճյուղերն ու բաժանում հավատացյալ ժողովրդին: Մարդիկ օրհնած պսակներն ու ճյուղերը պահում են մինչև հաջորդ Ծաղկազարդ: Սովորություն կա դրանք մեկ տարի պահելուց հետո՝ հաջորդ գարնանը, թաղել հողի տակ՝ ի նշան առատ բերքի ու բնության բարեհաճության: