Մարտի 21-ին Bob’s Pub-ում երևանյան փաբերին ոչ բնորոշ երեկո էր։ Անվերջանալից թվացող հերթ, լեփ-լեցուն սրահներ և պարային ռիթմեր միքսող DJ. սա հերթական փարթին չէր։ Bob’s Pub-ում Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» գրքի շնորհանդեսն էր։
«Գրքի ծնունդը ուրախություն է։ Մենք, չգիտես ինչու, միշտ նշում ենք մարդկանց ծննդյան օրը, և երբեք՝ գրքի։ Իսկ շնորհանդեսները վերածում ենք փուչ գովերգիչ ճառերի շարանի», - կարծում է Արմեն Օհանյանը։ Այս շնորհանդեսին սակայն փուչ ճառեր չհնչեցին։ Ամեն ինչ սկսվեց Bob’s Pub-ի դռների մոտ գոյացած երկար հերթից։ Մուտքի տոմսը, նույն ինքը՝ «Կիկոսի վերադարձը» գիրքը գնելու համար առնվազն Բագզ Բանիի արագությունն ու ճկունությունն էր պետք։ Ներս մտնելուն պես հասկացա, որ սա կյանքումս տեսած ամենազարմանալի տեարաններից է. գրքի շնորհանդեսին եկել էր այնքան մարդ, ինչքան նույնիսկ զեղչերի ժամանակ հայտնի առևտրի կենտրոն չի գնում։ Ընդ որում, ներկաներից և ոչ մեկի դեմքին մտախոհ ակադեմիկոսի արտահայտություն չկար: Ի դեպ, բոլորն անխտիր գնել էին գրքի իրենց սեփական օրինակը։ Իմ հիացած ժպիտը տեսնելով՝ մի քանի հոգի հարցրեց՝ «Կարդացել ե՞ք արդեն»։ Չէ, չէի կարդացել, դրա համար էլ խնդրեցի հեղինակին անոտացիան տալ։ «Այս գիրքը պատմում է կյանքի, սիրո, պայքարի, ազատության...ազատության, պայքարի, սիրո և կյանքի մասին։ Իհարկե, այս պատմվածքների նման ինտերակտիվ տեքստերը ավելի լավ են կարդացվում համացանցում, բայց «Անտարես հրատարակչության հետ փորձեցինք ցանցային տեքստը թղթին հանձնել։ Թե ինչպես ստացվեց՝ ընթերցողը կորոշի»։
«Կիկոսի վերադարձը» «Անտարես» հրատարակչության «XXI» շարքի վեցերորդ գիրքն է և Արմեն Օհանյանի՝ առաջին։ Ժողովածուի պատմվածքներից երկուսը' «Կիկոսի վերադարձը» և «Գերաստղ Մարիոն» «Արձակ-2011» և «Արձակ-2012» մրցույթների հաղթողներից են: «Մարդը իդենտիֆիկացնում է իրեն իր ժամանակի հետ, - ասում է «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ - Ամեն մեկիս առաջին հերթին իր դարն է հետաքրքիր, դրա համար էլ մենք սկսեցինք «XXI» շարքը, որը ներկայացնում է հայ երիտասարդ գրողներին։ Արմեն Օհանյանի գրքի վրա շատ երկար ենք աշխատել՝ փորձում էինք պահպանել i-ֆորմատը։ Արդյունքում որոշեցինք գրքի մարքեթինգը անել ոչ ավանդական տարբերակով»։ Իսկապես, շնորհանդեսից առաջ համացանցում հայտնված լուսանկարները, որոնց վրա պատկերված են հայտնի մարդիկ' գիրքը ընթերցելիս, ինչպես նաև այս նույն առիթով հայկական առաջին Harlem Shake-ը ավանդական մարքեթինգ չես անվանի։
Իմիջայլոց, լուսանկարները հնարավոր էր տեսնել նաև շնորհանդեսի ընթացքում՝ պատից կախված էկրանին։ Բայց իսկական անակնկալները սկսվեցին, երբ գրող Հովհաննես Թեքգյոզյանը հայտնվեց Լյուդովիկոս XIV-ին հիշեցնող զգեստով։ Բայց Թեքգյոզյանը Լուին չէր, նա մարմնավորում «Կիկոսի» տողերը։ Ֆրասիայի թագավորից հետո բեմ բարձրացան ArmComedy-ի տղաները, ինչից հետո ես վերջնականապես թողեցի տրամաբանություն գտնելու իմ անհաջող փորձերը և սկսեցի ուղղակի վայելել հայկական գրքի՝ իմ տեսած ամենահետաքրքիր շնորհանդեսը։