Դեկտեմբերի 2-ին The Club ակումբում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հանդիպումը սպասված էր մի պարզ պատճառով. այն ոչ պաշտոնական միջավայրում էր տեղի ունենալու, իսկ հանդիպման առիթը վերջին հարյուրամյակի ամենասկանդալային գրքերից մեկի՝ Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձի» քննարկումն էր:
«Միանգամից ասեմ՝ ինձ համար այս գիրքը պոռնոգրաֆիկ գրականություն չէ»,- հայտարարեց Աշոտյանը, թեև դա չկանխեց հետագայում ընթերցողների կողմից հնչեցված սադրիչ հարցերի տեղատարափը: Նախարարը «մեր մեջ» խոստովանեց, որ գրքում տեղ գտած էրոտիկ տեսարանները երբեք նույն զգայական տպավորությունները չեն կարող տալ, ինչպես Օմար Խայամի կամ Սաադիի ստեղծագործությունները: «Եվ հետո, եթե այդ հատվածների շնորհիվ սկանդալային դարձած այս գիրքը միայն դրա համար եք կարդալու, ուրեմն դուք վատնում եք ձեր ժամանակը, որովհետև այդ նպատակի համար հազարավոր այլ գրքեր կան, և «Խեցգետնի արևադարձը» լավագույն ընտրությունը չի լինի: Ճիշտ է, 30-ականներին գուցե հենց նման բովանդակությունն այս գիրքը սկանդալային դարձրեց, բայց 21-րդ դարում սա մի գիրք է, որը չի կորցրել իր արդիականությունը»,- նշեց նա:
Գրքի քննարկումը զերծ չմնաց նաև զավեշտալի հարցադրումներից, ընդ որում, դրանք է՛լ ավելի զավեշտալի էին թվում, երբ հնչում էին գիրքը չկարդացած, բայց գրքի մասին «վատ-վատ բաներ» լսածներից: Ընթերցողները մոռանում էին, որ Աշոտյանը մասնագիտության բժիշկ է, ում համար գրքում տեղ գտած բացեիբաց տեսարանների նկարագրությունը ժամանակին լատիներենով սերտած տերմինաբանություն է:
«Չի կարելի շեշտը դնել միայն այդ հատվածների վրա: Գրքի արժեքը շատ ավելի լայն շրջանակ է ընդգրկում, իսկ առհասարակ՝ եթե չեք կարդացել գիրքը, երբեք ձեզ թույլ մի տվեք ուրիշից լսած կարծիքը հրապարակավ արտահայտել: Ընթերցանությունն ամենաինտիմ գործընթացներից մեկն է, և յուրաքանչյուրն ինքը պետք է կարդա ու կարծիք ստեղծի այս կամ այն ստեղծագործության մասին: Եվ մի խորհուրդ էլ. եթե «գերազանցիկի» հոգեբանությամբ եք կարդալու այդ գիրքը՝ ասելու համար, որ կարդացել եք, ավելի լավ է չանեք այդպիսի բան, իսկ եթե ինքներդ կյանքում ունեցել եք ապրումներ, սիրել եք, բաժանվել, դավաճանվել, ներել, մոռացել, ապա «Խեցգետնի արևադարձը» ձեզ հոգեհարազատ կթվա և գուցե սիրելի գրքերից մեկը դառնա»,- համոզված է Աշոտյանը:
Քննարկման ընթացքում «կանխվեցին» Վիոլետ Գրիգորյանի ստեղծագործությունները «Խեցգետնի արևադարձի» հետ համեմատելու փորձերը: Աշոտյանը խոստովանեց, թե այնպիսի տպավորություն է, որ ինքը հայտնվել է ուլտրապահպանողականների և ուլտրալիբերալների միջև, ընդ որում՝ ուլտրապահպանողականները կարծում են, թե ինքը ուլտրալիբերալ է՝ դրական գնահատելով Միլերի գիրքը, իսկ ուլտրալիբերալները՝ հակառակը. «Ես երբեք չէի արգելի այս գիրքը, ես կարգելեի այն ամենը, ինչը քարոզում է բռնություն, անհանդուրժողականություն և այլատյացություն»: