17 Նոյեմբեր 2014, 16:22
3678 |

Տիկնիկն էլ է մարդ

Երևանում բացվեց «Տիկնիկային պատմություններ» ցուցահանդեսը: Նախաձեռնողը Երևանի պատմության թանգարանի էքսկուրսիաների բաժնի ղեկավար Մարինա Խաչմանուկյանն է: Մարինան ինքնուրույն հավաքել է տարբեր ժամանակաշրջանների տիկնիկների մի պատկառելի հավաքածու: Ցուցադրության նպատակն է ներկայացնել դրանք որպես կյանքի անբաժանելի մասը, որոնք կարող են մեր կյանքի և պատմության մասին բազմաթիվ վկայություններ բերել: Ցուցահանդեսն անցկացում է Երևանի պատմության թանգարանի թեմատիկ ցուցահանդեսների սրահում և կձգվի մինչև տարեվերջ:

Տիկնիկներն ու ավանդույթները
Ցուցահանդեսը բաժանված է մի քանի թեմատիկ մասի: Ցուցասրահի սկզբում ներկայացված են հայկական ավանդական հագուստով տիկնիկները: Հարյուրամյակների ընթացքում հայերի մոտ նրանք խաղալիքից բացի այլ կիրառություն էլ են ունեցել: Եղել են, օրինակ, օջախի պահապան կամ տիրոջը չարից հետ պահող տիկնիկներ: Մարինան վստահ է' այսպիսի տիկնիկ ունեցողը հայկական մշակույթի և ավանդույթների մի փոքր մասի տեր է:

Սոֆյա Աշխարումովա-բարձրաշխարհիկ տիկինը
Կարմիր անկյունում ներկայացված են փարիզյան պչրուհի Սոֆյա Աշխարումովայի մի քանի լեգենդար աշխատանք: Սոֆիան հայկական արմատներով ռուս պալատական Բենիամին Աշխարումովի դուստրն էր: Նրա ձեռքի նուրբ աշխատանքները ներկայացնում են բարձրաշխարհիկ կանանց վարքուբարքը: Տիկնիկներն արդեն 100-ն անց են, բայց առաջվա պես գեղեցիկ ու թարմ են:

«Արմանդ-Մարսել». նախահեղափոխական Հայաստանի մանուկների երազանքը
Ճենապակե տիկնիկների գերմանական «Արմանդ-Մարսել» ընկերությունը նույնպես ներկայացրեց իր հավաքածուն: 20-րդ դարի առաջին կեսին յուրաքանչյուր Երևանցի կարող էր իրեն թույլ տալ նման շռայլություն ունենալ: Յուրաքանչյուր հայր գիտեր՝ երեխային տիկնիկը հաստատ դուր կգար: Այդ տարիների Երևանում խաղալիքների մասնագիտացված խանութ չկար, ուստի նրանց կարելի էր գտնել ամենաանհավանական վայրերում: «Երևանյան հայտարարություններ» թերթում պահպանվել է հիշատակություն այն մասին, որ գալանտերիայի «Նադեժդա» խանութում կարելի է ձեռք բերել «Արմանդ-Մարսելի» տիկնիկներից:

Բնական ընտրություն. գոյատևում են ամենաուժեղ տիկնիկները
Խորհրդայիկ կարգերի հաստատումից հետո լուսավորության առաջին ժողկոմ Անատոլի Լունաչարսկին որոշեց, որ հախճապակե տիկնիկները բուրժուազիայի արտացոլումն են ու խորհրդային երեխաներին բնավ պետք չեն: Հայտնվեցին առաջին մասսայական արտադրության պլատմասե տիկնիկները, որոնք դարձան խորհրդային արդյունաբերության հպարտությունն ու երեխաների կենցաղի մի մասը: «Պուպս» անվանված հայտնի տիկնիկները անփոխարինելի դարձան աղջնակների ավանդական խաղերում: Իսկ ահա 1970-1980-ականների գերմանական տիկնիկները յուրաքանչյուր աղջկա երազանքն էին:

Մարդուց չտարբերվող հեղինակային տիկնիկներ
Ժամանակակից հայ տիկնիկագործների աշխատանքների կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել: Նրանց գործերը սոսկ մարդկային կերպարի կրկնօրինակումներ չեն, դրանք գրեթե մարդիկ են, ովքեր ձեզ են նայում կենդանի աչքերով: Գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր Վետա Գրիգորյանի տիկնիկները լի են էմոցիաներով:

Դիզայներ-նկարչուհի Կարինե Փիլիպոսյանի սյուրռեալիստական տիկնիկները կարելի է օգտագործել որպես լուսամփոփ, թեյնիկի աքսեսուար ու էլի հազար ու մի բան: Նրանց մեջ կարելի է գտնել նաև դասական կերպարների, տիկնիկների մեջ են Աննա Կարենինան, Նաստասյա Ֆիլիպովնան, ինչու չէ, նաև Կամելիազարդ տիկինը:

Տիկնիկային ինտերակտիվ
Յուրաքանչյուր տիկնիկն իր պատմությունն ունի, պետք է միայն կարդալ գրությունը: Մուտքի մոտ փոքրիկներն ու նաև տարիքն առած այցելուները կարող են տիկնիկներով բեմադրել «Կարմիր գլխարկը»: Այս ներկայացման մեջ գայլն անգամ կարող է վերածվել բարի և սիրված հերոսի, ով Կարմիր Գլխարկին կպաշտպանի չար որսորդներից: Ամեն ինչ թողնված է փոքրիկ այցելուների հայեցողությանը:

Թանգարան ունենալու երազանքը
Ծրագրի հեղինակ Մարինա Խաչմանուկյանն իր գաղափարով ցանկանում է մարդկանց ուշադրությունը գրավել տիկնիկների վրա, չէ որ նրանք մեր կյանքի ու կենցաղի անբաժան մասն են:

«Աշխարհի շատ քաղաքներում տիկնիկային թանգարաններ կան, որոնք մեծ մասսայականություն են վայելում: Մեր քաղաքն էլ նման մի թանգարան պետք է ունենա, տիկնիկները յուրօրինակ զբոսավարներ են, ովքեր ի զորու են այցելուներին պատմել մեր պատմության ամենահետաքրքիր դրվագները»,- նշում է Մարինան: Հեղինակն ընկերների և ծանոթների միջոցոց մոտ երկու ամսում ինքնուրույն հավաքել է տիկնիկների հավաքածուն: Ցուցադրությունը բաց է ևս երկու ամիս և պատրաստ ընդունելու ամենատարբեր բնավորությունների ու տրամադրութնա տեր մարդկանց, բոլորն էլ, վստահաբար, հիացմունքի և զարմանքի հաճելի պահեր կապրեն:

 

For the English version of this article, please click here

Այս թեմայով