17 Նոյեմբեր 2014, 14:40
1893 |

Ռոքը ճիշտ ուղու վրա է

Նոյեմբերի 17-ին Երևանի Տիկնիկային թատրոնում կկայանա Right Way («Ճիշտ ուղի») ռոք փառատոնը, որի ընթացքում ելույթ կունենան երեք հայկական խումբ՝ Like in Syberia, Voo Doo և Perfect Legacy: Ելույթ կունենա նաև ռոքի սիրահարներին հայտնի «Նաիրի» խումբը: Հայկական ռոքի պասիվացման հնարավոր պատճառները հասկանալու համար մենք քաղաքի աղմուկը թողած բարձրացանք երևանյան կտուրներից մեկը:

Voo Doo
Ժանր. պրոգրեսիվ նյու-մեթալ

Մեկ տարեկան խմբի անդամները վստահ են, որ ռոք երաժշտությունը չի կարող մահանալ կամ հիվանդանալ, ռոքում լինում են անկումներ, վերելքներ ու սերնդափոխություն, բայց ժանրը կլինի այնքան ժամանակ, քանի կան այն սիրող մարդիկ:

Voo Doo-ն արդեն ունի ստուդիական ձայնագրություններ ու պրոֆեսիոնալ գործեր: Հայկական ռոքի առավել հայտնի դեմքերից տղաները նշում են «Բամբիռ», «Ոստան հայոց» և «Դոգմա» խմբերին:

Perfect Legacy
Ժանր. պրոգրեսիվ մեթալկոր, ջենթ

Հայկական ռոքի հավանական ճգնաժամի մասին լսելով Perfect Legacy խմբի անդամները զարմացան: «Մենք ինքներս հայկական ռոքի մնայունության ու զարգացման խորհրդանիշներն ենք»,- նշեցին երիտասարդ ռոքերները:

Խումբը կազմավորվել է մեկ ամիս առաջ ու փառատոնին իր առաջին համերգը կտա: Նրանցից յուրաքանչյուրն արդեն հասցրել է հանդես գալ տարբեր խմբերի կազմերում:

Like in Syberia
Ժանր. նյու մեթալ, պեփքոր, մեթալքոր

Like in Syberia խմբի անդամները վստահ են, որ հայկական ռաքը դեռ երեխա է ու աճելու շատ տեղ ունի:
- Նրան պետք է խնամել, ոտքի կանգնեցնել, սովորեցնել քայլել, վազել ու թռչել, երեխայի մորը պետք է խնդրել նրան լավ դաստիարակություն տալ, հեռու պահել խմիչքից, ծխախոտից:

Փառատոնի Right Way անվանումը պատահական չի ընտրված, մենք ցանկանում ենք, որ հայկական ռոքը նոր ուղի դուրս գա: Այդ պատասխանատվությունը երիտասարդ ռքո խմբերի ուսերին է:

Հայկական ռոքը մեծ հեռանկար ունի և կան այնպիսի խմբեր, որոնց վրա կարելի է հույս դնել: Երաժիշտների համար ուղենիշ են վանաձորյան «Լույսն է լույս» խումբն ու «Որդան Կարմիրը»:

P.S. Nairi

Հեդլայների դերում ծանր մեթալի կատարող հայտնի «Նաիրի» խումբն է: Փառատոնը երիտասարդ խմբերի կողքին կանգնելու ևս մեկ հնարավորություն է: Հին խմբի այս որոշումը մի անգամ էլ ապացուցում է, որ բնավ կարևոր չէ, թե փողոցներում ու սրճարաններում ինչ են քչփչում հայկական ռոքի մասին, կարևորը այն երաժշտությունն է, որ ամեն օր ստեղծվում է. ռոքից գլուխ հանողները փառատոնին կզգան դա:

 


 

To read the English version of this article, please click here.

Այս թեմայով