11 Հոկտեմբեր 2014, 11:06
1102 |

Հին ու նոր քաղաքների ճակատամարտը

Հայաստանի Նկարիչների միությունը որոշել էր անակնկալ մատուցել քաղաքի տոնին՝ կազմակերպելով նկարների յուրահատուկ ցուցադրություն: Արվեստաբան Մարինա Հակոբյանը նկարիչների միության ցուցասրահում էր հավաքել 20-րդ դարի նկարիչների լավագույն երևանյան պատկերները, կողքին՝ ժամանակակից ու երիտասարդ նկարիչների գործերը էլի Երևանի մասին: Փողոցներ, որոնք արդեն չկան, շենքեր, որոնց տեղում հիմա բարձրահարկեր են, նույնիսկ Թամանյանի՝ անձամբ գծած Օպերայի էսքիզը այժմ ցուցադրության են դրված:

Հասմիկ Գասպարյան
Մանկությունս Կոնդում է անցել, հետո տեղափոխվել եմ Ռուսաստան ու երկու տասնամյակ կարոտել քաղաքս: Ժամանակ առ ժամանակ եկել-գնացել եմ, բայց կարոտս խեղդել չկարողացա: Կտավում իմ սիրելի Կոնդն է ու կառուցվող նոր քաղաքը, որն այդքան էլ իմ սրտով չէ: Հին տներն ու միացյալ բակերը գեղեցիկ կոլորիտ ունեին, մշակույթ էին ձևավորում, հիմա նորակառույցներում իրար հետ հավաքվող, ուրախացող մարդիկ գրեթե չկան: Իմ նկարներով փորձում եմ կարոտս առնել ու մոռացության չտալ Կոնդը:

Արթուր Հովհաննիսյան
«Մետրո» շարքից երկու նկար ունեմ: Քաղաքի թեմայով շատ եմ նկարել, ուսանողության տարիների մետրոյից շատ էի օգտվում: Հետաքրիր դեմքեր, դեպքեր ու պատմություններ կան կապված ստորգետնյա աշխարհի հետ: Ինչո՞ւ կտավներում չլինեն: Շատ մարդիկ իրենց կերպարներին կարող են հանդիպել էստեղ, ամեն ինչ հնարավորինս իրական է:

Պետո Պողոսյան
Գեղանկարչության մեջ պաշտոնապես նման տերմին չկա, բայց ես իմ գործերն անվանում եմ «քաղաքանկարներ»: Ջրաներկ եմ օգտագործել կենտրոնի շատ փողոցներ պատկերելիս: Փորձել եմ գտնել քաղաքի, այսպես ասած, լարման կետերը՝ շարժը, երթևեկությունը, շտապող մարդկանց ու անասելի աղմուկը: Կտավներում ամեն ինչ կա՝ Երևանի ու երևանցու հետ կապված:

 

Այս թեմայով