Մարդիկ քանդեցին բոլոր արժեքներն ու ոչնչացրեցին բնությունը, պատերազմեցին ու սպանեցին: Ու հասել են այն կետին, որից հետո ամեն ինչ պետք է ավարտվի: Բայց բնությունն ավելի զորեղ է:
Լպրծուն թագավորականներ ու չինովնիկներ, հիերարխիաների բաժանված հասարակություններ ու միջին օղակի ենթականեր. ահա այսպիսին է տեսնում աշխարհը մի խելագար, որն իր ամբողջ կյանքում աշխատել է գրասենյակում, որտեղ նրան չէին հասկանում ու չէին ընդունում, ինքն իր հերթին էլ նողկանք էր ապրում բոլորից: Իրականում նա խելագար է, թե ոչ՝ պետք է որոշի յուրաքանչյուրն իր համար: Արդյոք աշխարհը իսկապես արհեստականորեն ու անհասկանալի օրինաչափությամբ չի ընտրում պաշտոնյաներին, թագավորներին ու պալատականներին: Արդյոք իրական ազնվականները չեն թափառում, քնում ու ապրում փողոցներում: Արդյոք «Խելագարի հիշատակարան» դրաման իսկապես խելագարի հիշատակումներ են, այլ ոչ աննորմալ աշխարհում նորմալներին հալածելու արդյունքում առաջացած սոցիալական անհավասարություն ու անարդարություն:
Գոգոլի Խելագարի հիշատակարան ամենահայտնի դրամաներից է: Այն Միացյալ Թագավորությունից ժամանած Լայվինգ փիքչըրսը այն ներկայացրեց նոր դրամա ժանրում՝ մոնո ներկայացմամբ: «Խելագարը», որն իր ամբողջ կյանքում ապարդյուն ձգտում էր որևէ բարձրունքի հասնել, ի վերջո բացահայտում է, որ ինքը Իսպանիայի թագավորն է: Խելագարի մտորումների շուրջ հանդիսատեսն էլ կարող է մտորել: Ո՞վ է տվել թագավոր լինելու արտոնություն ու թույլատվություն, ինչո՞ւ են հենց նրանք ժառանգում գահերն ու պաշտոնները, այլ ոչ թե, օրինակ, այդտեղ նստած հանդիսատեսից յուրաքանչյուրը: Հենց այս հարցերն էին որ գլխավոր հերոսին հասցնում են խելագարության, քանի որ իր ցանկությունները չեն համապատասխանում աշխարհակարգի նպատակներին: Ի վերջո նրան տեղափոխում են գժանոց և նա հայտնվում է երևակայական աշխարհում, ապրում դրա օրենքներով՝ մխրճվում հիստերիայի ու զայրույթի, միամիտ պարզամտության ու պարզ ցանկությունների մեջ:
Բրիտանացի դերասանը հիանալի է խաղում, իսկ բեմադրությունն այն քչերից էր, որտեղ երևում էր իսկապես պրոֆեսիոնալ թատերական ներկայացում: Գուցե մի փոքր ավելի քիչ փորձարարական մոտեցումներով, գուցե ավելի դասական ու այնպես, ինչպես սովոր է հայ հանդիսատեսը տեսնել թատրոնը, բայց պրոֆեսիոնալ ու թատերական ավանդույթներին համապատասխան մոտեցմամբ ու մատուցմամբ:
Թատերական պոմպեզությամբ ու գերմանական մոնումենտալությամբ ներկայացված հաջորդ բեմադրությունը «Տեսարան ագրոնավտների հետ» դրաման էր: Ապոկալիպտիկ այս ներկայացումը մարդկության գործունեության արդյունքում աշխարհը մահվան եզրին հասցրած երկիր մոլորակի մասին էր: Մարդիկ, որոնք քանդել են բոլոր արժեքներն ու ոչնչացրել բնությունը, պատերազմել ու սպանել ու հասել այն կետին, որից հետո ամեն ինչ պետք է ավարտվի: Հենց այս սահմանին է, որ իրար են հանդիպում խելացին, կատարողն ու ուժեղը: Դրամայի մտահղացմամբ հենց այս երեք տեսակներն են, որ ձևավորել են աշխարհը, տիրող բարքերն ու աշխարհակարգի կանոնները: Նրանց մենախոսությունների ընթացքում սակայն բացահայտվում է, որ մայր բնությունը՝ արյունը, այն, ինչից կազմված է մարդ, ավելի ուժեղ է, քան սպառող ու քայքայող հասարակությունները: Բնությունը մարմնավորում են 3 կանայք, քանի որ հենց նրանք են սկիզբ դնում յուրաքանչյուր նոր ծնունդին:
Այս ամենը ցուցադրվում էր գերմանական փիլիսոփայությանը հատուկ մոնումենտալությամբ: Հատկապես ուշագրավ էր ներկայացման միջավայրը: Բեմը պատված էր իրական հողով ու ավազով, որտեղ թափված էին պլաստիկե շշեր, ծխախոտի տուփ, ավտոմեքենայի ակեր ու պոլիէթիլենային տոպրակներ: Այս ամենը կենդանի էին դարձնում միջավայրը, որտեղ կատարվում էին գործողությունները:
Ֆրեյես բրոզեն մասնավոր մասնագիտացված թատրոն է, որը գործում է Իտալիայում: Այն անցել է բավական բարդ ճանապարհ: 20 տարի առաջ գերմանացիներից կազմված թատրոնը սկսել է գործել Իտալիայում: Նրանք սեփական ձեռքերով վերանորոգել են կիսախարխուլ շենքը ու մեծ ջանքերով հիմնել իրենց թատրոնը, սակայն 2 տարի անց եկել են բուլդոզերներն ու շենքից թողել միայն հիշողություններ…