07 Հոկտեմբեր 2014, 18:30
613 |

Դադար դադարից հետո

Ո՞վ էր ստում, ո՞ր դրվագն էր իրականություն, ո՞ր պատմությունն էր ճշմարտություն: Արդյոք իրական սերը միայն փոխադարձ պետք է լինի, կարո՞ղ է սերն առհասարակ լինել փոխադարձ եւ արդյոք կա որեւէ հաստատուն բան տիերզերքում:

Թեյի սեղանի շուրջ՝ մոմերի լույսի ներքո սիրո քառանկյունու ու կյանքի պատմությունը բացվում է, ինչպես վարդի թերթիկները: Սկզբում տեսնում ես վարդը, հետո այն հետզհետե բացվում է՝ կորցնելով թերթիկները, ու վերջում մնում մերկ: New writing ձեւաչափով «Պատրանքներ» ներկայացումը թերեւս ամենանորարար մոտեցումով մատուցվածներից էր: Պիեսը նոր դրամա ժանրում էր, խաղում էին հայ դերասաններ: Ներկայացումն ավելի շատ հիշեցնում էր զրույց ու բամբասանք սեղանի շուրջ: 4 դերասանների պատմությունը սկսում է մահից առաջ կատարված խոստովանությամբ: Ամուսինը կնոջը, ում հետ համատեղ ապրել էր 52 տարի, խոստովանում է, թե որքան է նրան սիրում ու սիրել, թե որքան շնորհակալ է, որ նա եղել է իր կյանքում: Սանդրան լուռ լսում է, Դենին մահանում է: Դադար: Թեյ խմելու ու հանգստանալու ժամանակն է: Մինչեւ հանդիսատեսը կհամտեսեր թեյը, պատմությունը շարունակվում է:

 

Մահվան եզրին այս անգամ Սանդրան է: Նա կանչում է իրենց ընտանիքի ընկեր Ալբերտին ու խոստովանում, որ նրանից ավելի մտերիմ մարդ ինքն ու Դենին չեն ունեցել: Նաեւ ասում, որ հիանում է Ալբերտի կնոջով՝ Մարգարեթով: Պատմում է, թե որքան հմայիչ ու լավ կին է Մարգարեթը ու վերջում խոստովանում, որ սիրել է նրան ամբողջ կյանքում: Այս պատմությունը հենց այս չորս հերոսների՝ մահից առաջ կատարված խոստովանությունների մասին է: Պատմությունը շատ հետաքրքիր ու երբեմն խճճված շրջադարձեր է կատարում: Պարզվում է, որ ամբողջ կյանքում Դենին սիրել է Ալբերտի կնոջը, Ալբերտը՝ Դենիի կնոջը եւ հակառակը: Դադար: Թեյ խմելու ժամանակն է: 

Իրականում պատմությունը չի պատմում, թե ի վերջո որն էր իրականությունը: Ով էր ստում, որ դրվագն էր իրականություն, որ պատմությունն էր ճշմարտություն: Արդյոք իրական սերը միայն փոխադարձ պետք է լինի, կարող է սերը առհասարակ լինել փոխադարձ եւ արդյոք կա որեւէ հաստատուն բան տիերզերքում: Սա Ալբերտի վերջին խոսքն էր, պատմության չորս հերոսներից վերջինի՝ վերջին ճանապարհից առաջ արված վերջին հարցադրումը: Ներկայացումը ոչ միայն իր ձեւաչափով էր հետաքրքրական, այլեւ մատուցման ձեւով: Ներկայացման ընթացքում թեյիսեղանի շուրջ հնչում էին ակապելլա ու կիթառով հանրահայտ երգեր, որոնք յուրահատուկ մթնոլորտ էին ստեղծում: Դերասանները իրենց մեծածավալ տեքստը ասում էին յուրահատուկ ելեւէջներով ու առոգանությամբ, միմյանց ընդհատելով ու շարունակելով:

«Հայֆեստի» 6-րդ օրվա երկրորդ ներկայացումը յուրահատուկ էր իր ձեւաչափով՝ այն կարելի է կոչել «թատերավավերագրություն»: «Հայրենիքը չպաշտպանելու 150 պատճառներ» դրաման պատմում էր 1429-ի մայիսի 29-ին Կոստանդնուպոլիսի անկման մասին: Բյուզանդական կայսրության ու 15-րդ դարի ամենահզոր քաղաքաներից մեկը ծնկի է իջնում թուրք ենիչերների ու Մուխմեդ սուլթանի հարձակումներից: Բոլոր զրույցները վերցված էին ականատես ենիչերներից մեկի, սուլթան Մեխմեդ Ֆատիհայի ու պոետ Յունուսա Էմրեյի գրառումներից: Երաժշտությունը լայվ է, հեղինակն է ժամանակակից կոմպոզիտոր Դմիտրի Վլասիկը, որը հատուկ այս ներկայացման համար գրել էր սաունդթրեքեր՝ անսովոր հնչողությամբ: 15-րդ դարի ամենահզոր կայսրություններից մեկը՝ Բյուզանդիան ընկնում է թուրքական ցեղերի հարձակումներից: Նրանք ոչնչացնում են ամեն ինչ իրենց ճանապարհին, թալանում, սպանում ու սպանվածների գլուխներից բլուրներ են ստեղծում, բռնաբարում երիտասարդ կանանց ու ստրկացնում առողջ տղամարդկանց: Բյուզանդիայի կայսր Կոնստանտինը երկընտրանքի առաջ էր կանգնել՝ հանձնել քաղաքի հարստությունները եւ պահպանել հավատքը, թե պաշտպանել քաղաքը մինչեւ արյան վերջին կաթիլը:

Նա հասկանում էր՝ իր մի քանի հազարանոց բանակը չի կարող է հակահարված տալ թուրքական ենիչերների 500 հազարանոց բանակին: Երկու ամսվա մարտերից հետո քաղաքը ի վերջո հանձնվեց: Ինչ-որ դավաճան բացել էր փոքրիկ դարպասներից մեկը: Երբ սուլթան Մեխմեթը մտավ 15-րդ դարի ամենագեղեցիկ, ամենամեծ ու ամենազարգացած քաղաքներից մեկի հրաշալի Սոֆիայի տաճարն ու ստիպեց նամազ կարդալ այնտեղ, Կոնստատին կայսրը հանեց կայսերական շորերը ու գոռաց. «Չկա՞ գեթ մեկ քրիստոնյա, որ գոնե գլխատի ինձ»: Կոնստանտինի գլուխը կտրեց թուրք ենիչերներից մեկը: Այնուհետեւ այն դեռ երկար շրջում է Կոնստադնուպոլիսի փողոցներում ի նշան թուրքական ցեղերի առաջնորդ Սուլթանի հզորության ու վայրագության: Գեթ մեկ քրիստոնյա պետություն այդպես էլ չի գալիս Բյուզանդիային օգնության:

 

Այս թեմայով