04 Հոկտեմբեր 2014, 20:24
1257 |

Անսահման պարեր

Ներկայացում այն մասին, որ կա կյանք, որտեղ բոլորի հնարավորությունները անսահման են, եթե նրանց ոչ ոք չի լքում: «Հայֆեստի» շրջանակներում ամենահիշարժան ներկայացումներից մեկը։

Մարդը հաշմանդամ է, երբ չի զգում սեր, ցավ, երջանկություն, թախիծ: Երբ չունի ձգտում, նպատակ, ցանկություններ: Երբ չկան հոգս ու հոգացողներ, երբ նա հոգ չի տանում ու  հոգածություն չի ստանում: Այս ամենը պարի լեզվով ցույց տալու համար միայն գեղեցիկ պարելը քիչ է, նաև պետք է այդ գեղեցիկը՝  զգացմունքը, ձեռք մեկնելու կարողությունը, ոչինչ ու ոչ մեկին չլքելու պատրաստակամությունը զգալ ներսից: Ներսից զգալ այնպես, որ երևա դրսում: «Մի լքիր ինձ» ներկայացումը ներառակ պար էր:

Պարը բեմադրված էր ձայնավավերագրությամբ, որտեղ բեմադրության յուրաքանչյուրը մասնակից պատմում էր իր երազանքների, ցանկությունների, առաջին ու վերջին սիրո, մերժման ու կորստի մասին: Մարդիկ, ում կյանքը չէր կոտրել, այլ ավելի  էր ուժեղացրել: Ում համար հանգամանքները միայն նոր ճանապարհներ փնտրելու առիթ էին: Ներառական պարը համեմված էր բալետային էլեմենտներով և ժամանակակից պարի շարժումներով: Պարին հետաքրքիր լուծումներ էին տրված մանեկենների միջոցով՝ անգլուխ, անոտ, միայն ձեռքերով՝ սայլակների վրա: Դերասանները պարում էին նրանց հետ՝ սիրահարվում, բաժանվում, կորցնում ու վերագտնում: Պրոֆեսիոնալ պարողների հետ մեկ բեմում ոչ պրոֆեսիոնալները գրեթե նույնությամբ, երբեմն էլ ավելի խորը ու բարդ, ցուցադրում էին  պարի բոլոր տարրերը, շարժումներն ու զգացմունքները:

Նրանց պարերին զուգահեռ հնչող ձայնավավերագրության գրեթե բոլոր մասնակիցները մեկ բան էին ցանկանում՝ սիրել ու սիրվել, չլքել ոչ մեկին ու լքված չլինել, ձեռք մեկնել ու բռնել մեկնված ձեռքը:

Այս ներառական պարը Բրիտանիայի դեսպանատան ու «Փոքր թատրոնի» համատեղ նախաձեռնությունն է: Ընդգրկված են թատրոնի դերասաններ ու բեմադրիչներ: Նրանք ամիսներ շարունակ համատեղ աշխատել էին պարի, դրա բեմադրության ու կատարողականի վրա: Դա էլ, ըստ պարի մասնակիցների, մի լիարժեք կյանք է բեմի վրա ու բեմից դուրս: Կյանք, որտեղ բոլորի հնարավորությունները անսահման են, եթե նրանց ոչ ոք չի լքում:

 

Այս թեմայով