Ի՞նչ է փոխվել այդ ժամանակներից ի վեր, և արդյո՞ք սիրելու, ապրելու, ձգտումների ու ցանկությունների մեջ մարդը փոխվել է: Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք հայտվել են կյանքի հանգամանքների քառակուսու մեջ ու սարսափում են դուրս գալ դրանից:
«Պուշկինը սպանվել է Լերմոնտովի հետ դուելի ժամանակ, դուք գիտեի՞ք այդ մասին» - հարց է ուղղում լրագրողը ռուսական մի խուլ գյուղում: «Ինչո՞ւ են այդ երկու գրական հանճարները կրակել միմյանց վրա, ինչ ե՞ք կարծում», - շարունակում է հարցը լրագրողը: «Այո, ցավալի է»,- պատասխանում են գյուղացիները: Երկու աթոռ, 19-րդ դարի ոճով մեկ սպիտակ սմոքինգ և նամակներ Օնեգինին: Այստեղ անցավ 19-րդ դարի պատմությունը՝ ռուսական բոհեմական շքահանդեսներով ու պալատական քաղցր զրույցներով:
Դուք նկատել եք, որ 19-րդ դարից ի վեր գրեթե ոչինչ չի փոխվել մարդու տեսակի ու որակի մեջ: Նկատել եք, որ ժամանակակից Լենսկիների ու Օնեգինների դուելներնը այժմ էլ տեղ ունեն՝ 21-րդ դարում, ուղղակի զենքի տեսակներն են տարբեր: Տատյանային նամակ գրելու ձևերը՝ փետուրից փոխվել են ստեղների, իսկ մարդու տեսակը չի փոխվել: 19-րդ դարի շքահանդեսներին փոխարինել են ակումբները, շքահանդեսային տանգոներին՝ ակումբային թրեքերն ու դաֆթ ֆանքերը: Իսկ մարդիկ նույնն են: Ֆրանկեր, որոնք ձգտում են հայտնվել «լույսում», սնդուսափայլ երեկոներ, որտեղ բոլորը բամբասում են:
Հասանելի կանայք, ու անհասանելի սերեր, որոնք երբ հասանելի են՝ արդեն անհետաքրքիր են, իսկ երբ չկան՝ ցանկալի: Պուշկինի Եվգենի Օնեգինը բեմում ներկայացնում է ազգությամբ ղազախ դերասանուհին: «Արտևշոք» թատրոնը, եթե չեմ սխալվում, «Հայֆեստի» բեմում է հենց այնքան, որքան «Հայֆեստը» գոյություն ունի: Այս անգամ թատրոնը եկել էր մոնո ներկայացմամբ: Ավելի ճիշտ՝ standup-ով: Անասելի տաղանդավոր դերասանուհին անպատմելի շքեղությամբ ապրեց Պուշկինի «Եվգենի Օնեգին» ստեղծագործությունը: Խաղաց Օնեգին, Տատյանա, Լենսկի՝ մեկ տեղում ու միաժամանակ: Առանց ավելորդ պաթետիզմի ու պաթետիկ այնտեղ, որտեղ բոհեմական կյանքի առոգանությունն էր պահանջում: Իսկ ներսում՝ անկեղծ զրույց էր հանդիսատեսի հետ. հավերժական ու այսօրեական հարցեր, որոնց պատասխանների շուրջ երբեք կամ գրեթե երբեք չենք մտածում: «Դուք հասկանում եք, որ լրագրողը ռուս գյուղացուն լուրջ դեմքով ու պատասխանի ակնկալիքով հարցնում է՝ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ Լերմոնտովը սպանեց Պուշկինին: Ու գյուղացին, որի համար Պուշկինն աշխարհի ամենահանճարեղ պոետն է, լուրջ ու մտահոգ դեմքով պատասխանում է՝ այո, ցավալի է»: Այսքանից հետո Պուշկինը կա, ապրում է և առահասարակն գրականությունը՝ արձակն ու պոեզիան, կան, ապրում են:
Ի՞նչ է փոխվել այդ ժամանակներից ի վեր՝ գլխավոր հարցն էր, և արդյո՞ք սիրելու, ապրելու, ձգտումների ու ցանկությունների մեջ մարդը փոխվել է: Այս հարցի պատասխանը դերասանուհին չի տալիս, նա միայն հարցեր է ուղղում, մխրճվում 19-րդ դարի Ռուսաստանի խորքերը՝ Օնեգինի կենցաղն ու կյանքը նկարագրելով: Նա Օնեգինի ու Տատյանայի սիրո պատմությամբ մտնում է մարդու սիրտն ու հակասական հոգին, ցույց տալիս դրա դատարկությունն ու լիությունը տարբեր իրավիճակներում: «Պուշկին standup-ը» պատմելու բան չէ, ավելի շուտ տեսնելու, որ գտնենք սեփական հարցերն ու դրանց պատասխանները: Այդ ընթացքում միաժամանակ կվայելեք ռուսական գրականության ամենահանճարեղ գործերից մեկը՝ ժամանակակից մատուցմամբ:
Արժանիների շարքից հաջորդը հայ-ամերիկյան համատեղ ներկայացումն էր՝ «Ջուրը գդալ-գդալ»: Արժե գնալ թեկուզ մեկ բանի համար. բեմադրված պատմությունը իրական է: Էլիոթ Ռուիզը իրաքյան պատերազմի մասնակից էր, որը գնացել էր հանուն հայրենիքի Իրաք: Այնտեղ նա անցնում է պատերազմը, տեսնում սպանություններ ու կորցնում ընկերներին, միաժամանակ նաև վիրավորվում ոտքից: Երբ վերադառնում է հայրենի ԱՄՆ, պարզվում է, որ նրա մատուցած ծառայությունները, ապրումները, անձնազոհությունը ոչ մեկին պետք չէին: Նա միայնակ կանգնում է աշխարհի առաջ՝ անգործ ու անտուն:
Տղայի պատմությունը համեմված է նրա ընտանեկան ողբերգությամբ: Մայրը թմրամոլ է, որը կայք է ստեղծել իր նմանների համար ու փորձում է զրույցների միջոցով ազատվել ու մյուսներին էլ ազատել այդ մոլուցքից: Հենց թմրամոլության շուրջ էլ բացվում է ընտանեկան դրաման: Էլիոթի քույրը մահացել էր ջրազրկումից մանուկ հասակում, քանի որ մայրը թմրամիջոցների ազդեցություն տակ մոռացել էր մեկ գդալ ջուր տալ երեխային: Էլիոթին խնամել էր մորաքույրը: Իրաքյան պատերազմի մասնակցի վերադարձից հետո մորաքույրը մահանում է: Ընտանիքը նրա թաղման արաողության համար բավականաչափ գումար չի ունենում: Էլիոթը հրաժարվում է մորից, որը չի կարողանում նույնիսկ ծաղկի գումար տալ թաղման արարողության համար: Մայր այդ ցավից մահանում է մեկ այլ թմրամոլի խնամքի ներքո: Այս պատմության զուգահեռը ցույց է տրվում նաև մեկ այլ պատմություն, թմրամոլությունից ազատվել ցանկացողների կայքի այցելուներից երկուսը, որոնք տարիներ շարունակ շփվում էին համացանցում, ի վերջո սխրագործություն են կատարում և որոշում են հանդիպել միմյանց իրական կյանքում: Նրանք կարծես երջանիկ էին, երբ հանդիպեցին: Դուրս եկան կյանքի վախերի քառակուսուց ու գտան իրար: Այդ կայքը, որը ստեղծել էր Էլիոթի մայրը, մնաց անտեր, փոխարենը երկուսը գտան միմյանց ու ազատվեցին այդ մոլուցքից:
Ներկայացումը, ըստ իս, մի փոքր ձգձված է, պատմությունը մինչև վերջ դժվար է հասկանալ, սյուժետային գծերը խառնված են, սակայն մեկ անգամ արժե դիտել: Սա մի պատմություն է իրար միահյուսված տարբեր ճակատագրերի մասին: Մարդիկ, որոնք հայտվել են կյանքի հանգամանքների քառակուսու մեջ ու սարսափում են դուրս գալ դրանից, մեկը՝ թմրամոլության ճիրաններում, մյուսը՝ ընտանեկան դրամայի, երրորդը՝ սեփական վախերի: Ով ազատվեց ու դուրս պրծավ հանգամանքների քառակուսուց, նա գտավ իր երջանկությունը: