Երևանում Red Bull-ն անցկացրեց մրցույթ՝ խզբզարտ: Հաղթողը մեկնելու է Հարավաֆրիկյան Հանրապետություն:
Doodle art կամ խզբզարտ՝ ինքնաբուխ նկարներ, որոնցով տարվում են գրեթե բոլոր ուսանողները դասերի ժամանակ: Նմանատիպ նկարները հատուկ թեմաներ չունեն, արվում են մատիտով կամ գրիչով՝ ձեռքի ինքնաբերաբար շարժման և մտքի եկածի արտահայտումով: Red Bull ընկերությունն արդեն որերորդ տարին է՝ անցկացնում է խզբզարտի մրցույթ ամբողջ աշխարհի հազարավոր ուսանողների միջև: Երևանում նույնպես կայացավ Doodle art-ի մրցույթը ՝ ներգրավելով հայ ուսանողներին:
Ներկայացված նկարներից Facebook-քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլում հայտնվեցին 100 աշխատանքներ, որոնք ցուցադրված էին ի տես բոլորի Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց: 16:00-ից սկսած՝ հետաքրքրասեր հանրությունը կարող էր ծանոթանալ ներկայացված աշխատանքների և հեղինակների հետ, իմանալ՝ որ պատկերն ինչ իմաստ ու բովանդակություն ունի: «Հիմնականում ոչ մի իմաստ էլ չկա» ,- ասում էին ուսանողները ՝ խորհրդավոր ժպտալով և հետևելով հետաքրքրվածների հայացքներին դեպի իրենց աշխատանքները, որ փորձում էին դրանցում իմաստ գտնել: Բայց և այնպես, վճռական որոշումը մրցույթի ժյուրիի անձնակազմինն էր, որի կազմում էին դիզայներ Վահագն Վռամյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը:
Երեկոյան ժամը 18:00-ին արդեն հայտնի էին հաղթողների անունները: 3-րդ տեղը զբաղեցրեց Աննա Մուրսալյանը՝ որպես մրցանակ շահելով պլանշետ, Արուսիկ Գրիգորյանը 2-րդ տեղի համար ստացավ նոթբուք: Մրցանակները շնորհվեցին մրցույթի հովանավոր Nout.am ընկերության կողմից: Մրցույթի հաղթող հռչակվեց Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ուսանողուհի Անահիտ Հովհաննիսյանը, որը հոկտեմբերի վերջին երեք օրով կմեկնի Քեյփթաուն, որտեղ տեղի կունենա Doodle art –ի մրցույթ-ցուցահանդեսը:
Իսկ հոկտեմբերի 27-ին հայտնի կդառնա մոլորակի ամենակրեատիվ «դուդլիստի» անունը: