11 Սեպտեմբեր 2014, 12:00
2768 |

Քանդակելու գործ

Այն մասին, թե ինչու են XXI դարում դառնում քանդակագործ, ինչ քանդակներ են պակասում Երևանին, ինչու Հյուսիսային պողոտայում պետք է 40 մետրանոց բրոնզե արձան տեղադրվի և ինչու լավ քանդակը լավ կնայվի ցանկացած քաղաքում. մտորում են երիտասարդ քանդակագործները:

Սարգիս Բաբայան
28 տարեկան
Երևանը օգնում է ինձ աշխատել ու ստեղծագործել: Եթե մարդը անդադար փնտրտուքների մեջ է, անկախ գտնվելու վայրից կոգեշնչվի և կստեղծագործի: Երևանում շատ են ժամանակակից քանդակագործները, ովքեր լի են մտքերով ու կարող են հետաքրքիր լուծումներով աշխատանքներ ներկայացնել, որոնք նույնիսկ կտեղադրվեին քաղաքում, սակայն, հիմնականում, նրանց հնարավորություն չի տրվում: Քանդակը ավելի բարդ է ընկալել ու հասկանալ, քան, օրինակ՝ երաժշտությունը, դրա համար հասարակությունը ևս պետք է պատրաստ լինի ջանք գործադրելու: Երբ մարդ տեսնում է քանդակը, նրա մեջ պետք է ամեն ինչ փոխվի: Սա քանդակագործի խնդիրն է, բացի գրագետ լուծումից հույզեր ու ոգի փոխանցի իր ստեղծագործությանը: Իհարկե, շատ կուզենայի ինչ-որ քանդակ պատրաստել Երևանի համար՝ չկա զինվոր, ով չի ուզում գեներալ դառնալ: Սա չափազանց պատասխանատու հարց է՝ որևէ հետք թողնել սերունդների համար, աստիճան հանդիսանալ, ում աշխատանքի ու գործունեության վրա հիմնվելով, մյուսները ևս արժեքներ կկերտեն: Գեղարվեստի ակադեմիան նոր ենք ավարտել, դեռևս չունենք արվեստանոց, բայց սա հաղթահարելի խնդիր է:

 


Արգիշտի Հարությունյան
31 տարեկան
Քանդակագործը գործ ունի նյութի ու ծավալի հետ, այսպիսով՝ շրջապատող աշխարհը ամեն պահի ոգեշնչում է մեզ: Եթե նկարիչը չզարմանա, հարցականներ չունենա, ոչինչ չի կարող ստեղծել: Ես չեմ կարող սահմանափակվել Երևանով, ինձ ոգեշնչում է ամբողջ աշխարհը: Մայրաքաղաքի աղմուկից հեռու՝ Քանաքեռավանում գտնվող իմ արվեստանոցում եմ կարողանում ոգեշնչվածությունս արտահայտել: Մեր քաղաքում ամեն քայլափոխի հուշարձաններ կան, բայց դրանք դեռևս քանդակներ չեն, իսկական քանդակների լուրջ պակաս կա այսօր: Վատի, անճաշակի, անորակի դեմ պայքար չկա, շատ քչերն են, որ կարող են պրոֆեսիոնալ կարծիք հայտնել, և արտահայտվում են: Եթե հնարավորություն ընձեռվեր Երևանի համար մի քանդակ ստեղծել, նախ՝ հաշվի կառնեի մեր քաղաքային ֆոլկլորը, կօգտագործեի ավանդական ճարտարապետական դեկորատիվ ֆորմաները: Հյուսիսային պողոտայում մի հսկայական՝ 40 մետրանոց բրոնզե քանդակ կտեղադրեի, որի տակով ավտոմեքենաներ կանցնեին: Այն կխորհրդանշեր ազատությունն ու մեր այսօրվա խնդիրները:

Երևանապաշտ հայ չեմ, առանձնահատուկ կերպով Երևանով չեմ հպարտանում, բայց սիրում եմ Հայաստանը: Մեզ մոտ արվեստը զարգացել է կրոնական հենքի հիման վրա, այսինքն՝ եկեղեցին է եղել պատվիրատուն, ինչը, հիմնականում, սահմանափակել է արվեստագետների «քառակուսուց դուրս» ստեղծագործելը: Ուղղանկյուն ֆորմայից դուրս եկող մտածողությունն եմ ուզում տեսնել Հայաստանում: Մարդը չի փոխվում, իսկ արվեստը փոխվում է իր ֆորմաներով, բայց կայուն պահելով միակ ճշմարտությունը՝ զգացողությունը, այն, ինչ գրված չէ գրքերում, այն ինչ ծնվում է մարդու հետ: Շատ կուզենայի, որ Հայաստանում լիներ ֆրանսիական բոհեմի պես մի բան: Մեզ մոտ կան այն մարդիկ, ովքեր կարող
են ապրել ու զարգացնել նման կենսակերպը, բայց արվեստը մեզ մոտ խեղդվում է, որովհետև պետությունն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի արվեստագետն ապրի նվաստացած: Այս վերաբերմունքը մթնոլորտ չի ստեղծի, լավ քանդակներ էլ չեն ավելանա քաղաքում:

 


Աշոտ Գևորգյան
27 տարեկան
Երևանով զբոսնում եմ որպես սովորական քաղաքացի, նույնիսկ երբ քանդակ եմ տեսնում, փորձում եմ գնահատել այն դիտորդի աչքերով: Հետո արդեն որպես մասնագետ եմ զննում ու վերցնում այն, ինչ իմն է, ինչը կարող է ինձ սովորեցնել, ոգեշնչել: Մի քանի տարի առաջ քաղաքում տեղադրվեց մեր դասախոսներից մեկի՝ Գարեգին Դավթյանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը, այն յուրահատուկ է ինձ համար: Իսկ դասական գործերից միշտ առանձնահատուկ են եղել Սասունցի Դավթի ու Թամանյանի արձանները: Երևանյան ոճ ասվածը չեմ ընդունում, մարդը պարզապես անկեղծ ստեղծագործում է, փորձելով ներխուժել դիտորդի հուզական աշխարհ: Երբ քանդակը տեղադրվում է քաղաքի որևէ մասում, այն արդեն չի դիտարկվում որպես առանձին նմուշ, այլ որպես ընդհանուր պատկերի մի մաս: Օրինակ՝ Օպերայի հարևանությամբ Ռոդենի «Նկարիչը» ընդհանրապես կապ չունի այդ տարածքի հետ, այն թանգարանային նմուշ է, որի հետ պետք է կոնտակտ ունենալ ու ավելի մոտիկից դիտարկել: Ես դեռ պատրաստ չեմ ու ցանկություն էլ չունեմ Երևանում որևէ հեղինակային քանդակ տեղադրել: Սա ժամանակի խնդիր է: Մենք քանդակագործության մեջ ենք, ինչ-որ ֆունկցիա ենք կրում և փորձում ենք, թեկուզ, ցուցահանդեսների միջոցով մեր աշխարհընկալման չափով կրթել մարդկանց ու փոխանցել նրանց արվեստի շունչը:

 


Գևորգ Թադևոսյան
28 տարեկան
Ես Վանաձորից եմ, կարող եմ ասել, որ հենց Երևանը աջակցեց իմ կայացմանը, երբ 17 տարեկանում տեղափոխվեցի այստեղ: Ամեն ինչ կյանքումս հենց Երևանը տվեց ինձ, թե գիտակցությունս, թե հուզական աշխարհս փոխվեցին: Այստեղ գտա մարդկանց, որոնց հետ կարելի էր այնքան խոսել՝ գրքերից, ֆիլմերից, երաժշտությունից: Մարդը պետք է տեսնի քանդակը ու զգա՝ կյանքը փոխվեց, ինչպես լինում է կարդացած գրքից կամ լսած երգից հետո: Ամեն ինչ չէ, որ կարելի է քանդակի միջոցով արտահայտել: Նույն Միքելանջելոն, որ հանճար էր, շատ բաներ կտավի, կամ գրչի միջոցով էր արտահայտում: Պետք չէ գոռալ այն մասին, ինչը պետք է շշուկով ասել: Բախը ասել էր՝ «եթե իմ երաժշտությունը ձեզ պարզապես հաճույք է պատճառում, ուրեմն կներեք, անիմաստ եմ աշխատում»: Եթե ստեղծագործությունը մի կաթիլ անգամ չի մաքրելու դիտորդին, ուրեմն եկեք սին բաներ չհորինենք: Մատիսը մի հրաշալի կտավ ունի, որի վրա պատկերված է պատուհանից այն կողմ գտնվող տեսարանը: Ես էլ քանդակել եմ Մատիսին՝ պատուհանի հակառակ կողմում գտնվող արվեստանոցում: Մատիսը ոգեշնչում է ինձ աշխատել ու սա յուրահատուկ ինքնաարտահայտման միջոց էր իր արվեստին: Կոմպոզիցիոն առումով Երևանը խեղճանում է: Քաղաքն այնքան հետաքրքիր է, պետք է կարողանաս ներկայացնես քոնը, որ այն դառնա բոլորինը:

 


Գեղամ Աբրահամյան
25 տարեկան
Դեռ չեմ գիտակցում այն կոնկրետ, գլոբալ նպատակը, որը պիտի իրականացնեմ որպես քանդակագործ: Ինձ գերում են ծավալը, լույսերը, տրամադրությունը, ներվը: Սկզբում ենթագիտակցաբար եմ սիրել քանդակագործությունը, հետո տարիքի հետ, լուրջ ու պրոֆեսիոնալ մասնագետների հետ շփվելով հասկացել եմ, թե ինչ եմ ընտրել որպես կյանքի ուղի: Չի կարելի արվեստ սովորեցնել, արվեստագետի ծնունդը շփումների, խոսքերի, փորձի փոխանակման արդյունքն է: Երևանով քայլելիս անդադար ուսումնասիրում եմ, նկատում եմ, խորանում եմ, մտքով ես միշտ քանդակագործ եմ: Ակնհայտ ավելորդ քանդակներ կան մեր քաղաքում, կան նաև իսկական արվեստի գործեր: Ինքս էլ ունեմ մեծ ծավալի գործեր, որոնք շատ կուզենամ մի օր տեսնել Երևանի փողոցներից մեկում, բայց նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե որ հատվածում, որովհետև կայուն միջավայր չկա: Մինչդեռ քանդակը պետք է համապատասխանի ու ներդաշնակ լինի տվյալ տարածքին, որպեսզի միջավայր ստեղծի: Իսկ մեր քաղաքում այդ միջավայրն այսօր ոչնչացված է: Եթե ստեղծագործությունը լուրջ արվեստի գործ է, ապա այն սազական է քաղաքին, չեմ ընդունում «երևանյան» բնորոշումը: Եթե դու արվեստի մեջ ես, փորձում ես աշխատանքիդ միջոցով արտահայտել համամարդկային ապրումները, ապա չես կարող կոնկրետ քաղաքային կողմնորոշում տալ ստեղծագործությանդ: Երբ լսում ես Կոմիտաս, զգում ես հայկականը, բայց դա հատուկ արված չէ, դա արյան կանչն է, որի միջոցով արտահայտվում են համամարդկային զգացողությունները: Ինձ ոչ թե Երևանն է ոգեշնչում, այլ ընկերներս, զրույցները, քամին, անձրևը, այն, ինչ զգում եմ ու կարողանում եմ փոխանցել աշխատանքիս միջոցով: Հայաստանում քանդակագործին գումար չի տրամադրվում, որ կարելի լինի արվեստանոց վարձակալել, ճիշտ լուսավորության ներքո աշխատել, ուսումնասիրել: Ռոդենը միանգամից չի քանդակել, երկար աշխատել է, որ արդյունքի հասնի:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N9, 2014

To read this article in English, please click here.

Այս թեմայով