25 Օգոստոս 2014, 16:10
2722 |

Օձունի գանձեր փնտրողները

Փառատոնը կազմակերպել էր «Օձունում միջհամայնքային ամենամյա հանդիպման» միջոցառման շրջանակներում «Կնդարար» կոոպերատիվի՝ G2iA ֆրանսիական կազմակերպությունը և Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնը:

Հավատա և կվաճառես

Առաջին տաղավարում կավից պատրաստված տարբեր իրեր էին՝ Ախթալայում գործող կավագործության խմբի անդամների աշխատանքները: Հեղինակները գործազուրկ կանայք էին և այդքան էլ չէին հավատում, որ կարող են պատրաստել վաճառքի ենթակա ինչ-որ բան: Սկզբում բոլորին այս ամենը խաղ էր թվում, բայց արդյունքում ամեն ինչ իր տեղն ընկավ:

Կյանք տալ թափոններին

Սոլակ համայնքի ներկայացուցիչ Ռայիսա Խաչատրյանը, ներկայացնելով իրենց սեղանիկը, պատմում էր, որ որոշ իրեր պատրաստել են իրենց համայնքի Մշակույթի տան սաները: Առաջին անգամ, երբ նրանք տեսել են թափոնով լիքը փաթեթը, կարծել են, թե տիկին Խաչատրյանը պարզապես մոռացել է աղբը թափել մինչ գալը, մինչդեռ թափոնը Մշակույթի տանն էր հայտնվել երկրորդ կյանք ստանալու համար: 

Ասենք ո՛չ անօրգանականին

Փառատոնի բոլոր մասնակիցները նշում էին, որ իրենց արտադրանքը աճեցված կամ պատրաստված է բնական եղանակով: Պակաս չէր զգացվում նաև օրգանական պարարտանյութերի տեսականու: Գյուղացիների միակ խնդիրը մարդկանց մտածելակերպն է և պետական միջամտությունը: Պետությունը սուբսիդավորում է միայն ոչ օրգանական պարարտանյութերը, ինչն այդքան էլ ճիշտ չէ: 

«Չորացրած» սեր ու ջերմություն

Գյուղմթերքի ներկայացում-վաճառքի ժամանակ տարբեր սեղանիկների վրա կարելի էր տեսնել տարաբնույթ խոտաբույսեր, չրեղեն, որոնք իրենց ձեռքերով չորացրել և պատրաստել էին տեղացիները՝ դրանց մեջ խտացնելով իրենց սերն ու ջերմությունը: 

Սահմանից՝թարմ-թարմ

«Սահման» ՀԿ-ն հասցրել էր իր հետ բերել սահմանամերձ Չինարի և Բերքաբեր գյուղերի անարատ մեղրը: Կազմակերպության ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանի խոսքով, սա արտակարգ հնարավորություն է կամաց-կամաց սեփական համայնքի շրջանակներից դուրս գալու համար, բացահայտելու նոր շուկաները, որտեղ կարելի է իրացնել սեփական արտադրանքը:

Մեր սեղանից՝ Ձեր սեղանին

Օձունում կազմակերպված այս միջոցառմանն իր առանձնահատուկ երանգն էր տալիս նաև Թումանյանի հեքիաթները ներկայացնող Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները: Թատրոնի բեմադրիչ Արամ Մխիթարյանի խոսքով մեր առաջնային խնդիրներից է պահպանել ազգային մշակույթը: Բեմադրիչի կարծիքով, հողին կպած մարդը միայն կկարողանա իր զավակներին փոխանցել պապերի սովորությունները: 

Ոճը՝ազգային-ավանդական

Օձունում յուրաքանչյուը հնարավորություն ուներ լուսանկարվել ազգային հագուստով՝ Լոռու բնության գրկում։ Նման հնարավորություն էր ընձեռում «Մարաշլյան» ֆոտո արվեստանոցը, որը նույնպես ներկայացնում է ազգային-ավանդականը։

Բերքի ընծան

«Օձունի գանձերը» փառատոնը հիանալի հնարավորություն էր ծիսական արարողություններով հետաքրքրվողների համար՝ ծանոթանալ խաչփունջին, սովորել հյուսել օգնում էր ազգագրագետ Սոնա Պապիկյանը: Առաջին բերքահավաքի ժամանակ մեր պապերն ու տատերը առաջին բուռը հավաքել են մանգաղով, այն հյուսել և, աշխատանքը ավարտելուց հետո, տարել մեհյաններ երկրագործության հովանավոր Անահիտ աստվածուհուն նվիրելու: 

Պարի ուժը

«Պարենք հայերեն» նախաձեռնության անդամներն էլ էին այստեղ. եկել էին պարի օգնությամբ բարձրացնելու գյուղի երիտասարդության ազգային ոգին:  Նման միջոցառումների միջոցով մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջանում ճանաչել, փնտրել, ուսումնասիրել և միայն դրանից հետո դառնալ այս մշակույթի կրողը: 

Նկարում ենք՝ ազատ թեմա

Օձունում շուրջ 1 տարի գործող նկարչության խմբակի անդամները ներկայացրեցին  իրենց աշխատանքները: Խմբի ղեկավարը պատմեց, որ երեխաներն այնպիսի ոգևորությամբ են հաճախում խմբակ, որ նույնիսկ տուն գնալ չեն ուզում: 

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ

«Խորան Արդ» ակումբը՝ Արմեն Պետրոսյանի ղեկավարությամբ, միջոցառման շրջանակներում կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթներ: Հատկապես  աչքի ընկան Օձուն և «Պարենք հայերեն» թիմերը:

 

Այս թեմայով