10 Սեպտեմբեր 2014, 09:48
5299 |

Քաղաքային պատկերներ

Դեռևս նախքան մայրաքաղաք հռչակվելն ու դրանից հետո Երևանը բազմիցս հայ արվեստագետների ստեղծագործության խնդրո առարկան է դարձել: Բայց ամենից շատ երևանյան պատկերները հանդիպում են 20-րդ դարի արվեստում ու շարունակություն ստանում 21-րդում: Թե ինչու են արվեստագետներն անդրադառնում Երևանի պատկերմանը, ինչն են հատկապես ձգտում վավերացնել և ինչ արժեք ունեն այսօր այդ աշխատանքները, մեկնաբանում են մասնագետները:

Շուշանիկ Զոհրաբյան
Արվեստաբան, Երևանի պետական համալսարանի արվեստաբանության բաժնի դասախոս

Երևան քաղաքին նվիրված պատկերումներ տեսնում ենք մասնավորապես 20-րդ դարի սկզբին, հատկապես Հայաստանի խորհրդայնացումից հետո: Այդ տարիներին էր, որ Երևանն ինքնատիպ քաղաք դարձավ շնորհիվ Ալեքսանդր Թամանյանի: 1920-ական թվականներին Երևանում արդեն ստեղծագործական գործունեություն էին ծավալում նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Սեդրակ Առաքելյանը, քանդակագործներ Ա. Սարգսյանը և Սուրեն Ստեփանյանը, գրաֆիկ Միքայել Արուտչյանը, ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանը, Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը, Գևորգ Քոչարը: Երևան քաղաքի պատկերումներ տեսնում ենք Սեդրակ Առաքելյանի, Մարտիրոս Սար-յանի, ինչպես նաև Տաճատ Խաչվանքյանի, Հակոբ Կոջոյանի, Վահրամ Գայֆեջյանի և այլոց արվեստում: Դրանք նոր Երևանը, նրա շրջակայքը ներկայացնող բնանկար և թեմատիկ աշխատանքներ են:

Արմեն Եսայանց
Արվեստաբան, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոխտնօրենի համադրող-օգնական

2012-ի հոկտեմբերին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացել էինք «Երևան. հայացք ապագայից» խորագրով ցուցահանդես: Ժամանակակից Երևանի լուսանկարների կողքին 20-րդ դարի մինչև 50-ական թվականների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ էինք ներկայացրել: Դրանցում պարզ երևում է, թե ինչպես է գյուղական ավանը մի քանի տասնամյակում քաղաքին բնորոշ ուրվագծեր ստանում: Այդ տարիներին գեղանկարչության մեջ Երևանը ներկայացնում էին համայնապատկերներով, տարվա տարբեր եղանակներին քաղաքի բնապատկերներով, փաստավավերագրական որոշակի տեսարաններով, որոնք ընդգծում էին յուրահատուկ երևանյան կոլորիտը: Ընդ որում՝ գրաֆիկական աշխատանքներում շատ են հանդիպում մայրաքաղաքի այցեքարտ դարձած շենքերն ու տեսարժան վայրերը, բայց այլ միջավայրում, որը երբեմն օտար է ժամանակակից երևանցու աչքին:

Շուշանիկ Զոհրաբյան, Արմեն Եսայանց 
Շուշանիկ Զոհրաբյան, Արմեն Եսայանց

Արմեն Գասպարյան
Արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ գեղանկարի բաժնի վարիչ

Երևանի թեման կարելի է արդիական համարել մշտապես: Չմոռանանք, որ հատկապես 20-րդ դարի սկզբում Երևանը նոր էր դառնում համայն հայության կենտրոն և արվեստագետների ուշադրության կենտրոնում էր: Այս թեմային անդրադարձել են մեր մի շարք տաղանդավոր արվեստագետներ, որոնց ստեղծագործություններից շատերն այսօր, բացի գեղարվեստական բարձր արժեքից, իրենցից ներկայացնում են նաև փաստավավերագրական արժեք, որովհետև նրանցում մենք տեսնում ենք արդեն գոյություն չունեցող տեսարաններ: Այսպես, սերունդ առ սերունդ արվեստագետները պատկերում էին իրենց սիրելի քաղաքը՝ ոմանք անդրադառնալով տեսարժան վայրերին, ոմանք էլ պատկերում էին պարզապես գողտրիկ տեսարաններ՝ տարբեր եղանակներին և օրվա տարբեր ժամերին: Կան նկարիչներ, ովքեր երևանյան տեսարանի մոտիվը օգտագործել են որպես առիթ, որպեսզի կոնկրետ գեղանկարչական խնդիրներ լուծեն և կամ սրտանց ցանկացել են պատկերել մայրաքաղաքի տեսարժան վայրերը: Դարասկզբին, օրինակ, հաճախ պատկերում էին վերակառուցվող քաղաքը, որն արտահայտում էր հեղինակի ոգևորությունն ու ուրախությունը: Լինում էր, որ գերակշռում էին զուտ տրամադրության հարցերը և զգայականի հետ կապված նրբերանգներն էին տեսանելի դառնում նկարչի վրձնով: Բայց միանշանակ կարելի է ասել, որ այս թեման հետաքրքրական է բոլոր սերունդների արվեստագետների համար:

Արա Հայթայան
Արվեստաբան, նկարիչ
19-րդ դարի վերջից սկսած Երևանը պատկերելու միտումներն անընդհատ փոխվել են: Սկզբում քաղաքը գնահատվում էր որպես վերացող Արևելք, որի հիմնական բնորոշիչները համարվում էին մադրասներն ու մզկիթները: Դրանք առավել հարմար նկարչական նյութ էին, քան ռուսական շրջանի նեոգաղութային շնչով կառուցված շենքերը: Այդ շրջանում գերիշխում էին երկու թեմաներ՝ Զանգվի ձորը՝ դեպի գետը իջնող պարտեզներով և մզկիթների բակերը՝ աղյուսաշեն մադրասների մանրամասներով: Մինչև 20-30-ական թվականները օրիենտալիզմին բնորոշ այս միտումները գերիշխող էին, քաղաքում աստիճանաբար վերացող իսլամը վկայող մշակութային կառույցները գեղեցկության չափանիշ էին: Դա իր բնույթով բացահայտ եվրոպական մոտեցում էր՝ արխիվացնել վերացողը, բայց միևնույն ժամանակ ռոմանտիզմի աղբյուրը իսլամի և քրիստոնեության առճակատումն էր: Այդ ժամանակ Երևանի համայնապատկերում գերիշխում էին մզկիթների կապույտ գմբեթները, որոնց գույնն ու փայլը գրավում էր իմպրեսիոնիզմով տարված արվեստագետներին: Բայց Երևանի ընկալումը, որպես կանոն, շարունակում էր մնալ «գյուղ» հասկացության սահմաններում. երկար ժամանակ ներքին դիմադրություն կար այն պատկերելու՝ որպես քաղաքային միավոր, յուրաքանչյուր հին այգու կամ թաղամասի կորուստն ուղեկցվում էր դրա վավերացմամբ գեղանկարչական կամ գրաֆիկական աշխատանքի մեջ:

Արմեն Գասպարյան, Արա Հայթայան 
Արմեն Գասպարյան, Արա Հայթայան

Աղաջանյանի ու Սարյանի ստեղծագործության շնորհիվ Արարատ լեռը սկսում է Երևանի բնանկարի անբաժան մասը դառնալ և դեռ երկար պետք է արմատավորվեր որպես Երևանի խորհրդանիշ: Հետագայում արվեստանոցների ձևավորումը հանգեցրեց «ներքին բակ» հասկացողությանը, որը նաև ներքին հոգեկան տարածքի գաղափարի հետ էր կապված և թեմատիկ առումով այսօր ևս հաճախ է կիրառվում:

Նոր Երևանի ու կորուսյալ Երևանի փնտրտուքը մինչ օրս արդիական է, հետաքրքիր է այսօրվա երիտասարդ հեղինակների կեցվածքը, երբ յուրաքանչյուր շրջանի ճարտարապետական կառույցի կորուստը հանգեցնում է ինքնության կորստի: Նրանք փորձում են պատկերել այն, արխիվացնել. դա շատ նման է 20-ականների միտումներին, երբ պատկերման հիմնական նյութը ոչ թե նոր ստեղծվող թամանյանական Երևանն էր, այլ պարսկական շրջանը:

 Ֆրանց Ռուբո «Էրիվանի բերդի հանձնումը»  (1890-ականներ)
Ֆրանց Ռուբո «Էրիվանի բերդի հանձնումը» (1890-ականներ)

Թե՛ լուսանկարչության, թե՛ գեղանկարչության առջև պետությունը նորը, արդիականը քաջալերելու խնդիր էր դրել: Այդ գործում ընդգրկված էր նաև կինեմատոգրաֆը: Բայց նորը նույն օրինաչափությամբ չի թափանցում գեղանկարի ու լուսանկարի մեջ: Գեղանկարչությունը երկար ժամանակ դիմադրում է տրանսպորտային միջոցների՝ տրամվայների, ավտոմեքենաների, գնացքների պատկերմանը: Առաջին օրինակները հանդիպում են միայն 40-50-ականներին:

Իսկ լուսանկարչության արխիվացման առաքելությունը նրան թույլ էր տալիս առավել ազատ թափանցել տարբեր միջավայրեր, փոխել պատկերման նյութը: Չնայած դրան, դեռ երկար ժամանակ լուսանկարում գերիշխում էր պաշտոնական կեցվածքն ու թեմաների կանոնիկությունը: Երկու ոլորտներում էլ լայն տարածում է գտնում քաղաքային համայնապատկերը, և աստիճանաբար թամանյանական Երևանի վավերացումները սկսում են գերակշռել և իրենցով պայմանավորել մայրաքաղաքի նկարագիրը: Մինչ օրս էլ Հանրապետության հրապարակն ու Օպերային թատրոնը գլխավորում են Երևանի խորհրդանիշների ցուցակը՝ սկսած երջանկություն և ազգային ուժ սերմանող գովազդներից մինչև հայրենասիրական ոգով տոգորված դասագրքեր: 90-ականներից հետո Երևանը որոշ ժամանակով դադարում է պատկերման սուբյեկտ լինելուց: Արվեստ է թափանցում պայմանական միջնադարյան պսևդոեվրոպական քաղաքային բնանկարը: Կարճլիկ թատերական մարդուկների հետևում հայտնվում են Վենետիկը, գոթական շենքեր, սոցռեալիզմի կեղծ ժպիտին փոխարինելու են գալիս դիտողին իրենց հետույքն առաջարկող քաղցր կանայք, և այս արվեստն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի կոնկրետ տարածքի վրա ճնշում գործադրի: Սրան զուգահեռ առաջ է գալիս առճակատման արվեստը, որը Երևանը յուրացնում է որպես իր կայացման բանալի, երևանյան քաղաքական ու քաղաքացիական լարվածությունն ընդունում է որպես արվեստային ելակետ:

 Մարտիրոս Սարյան  «Հին Երևան» (1928)
Մարտիրոս Սարյան «Հին Երևան» (1928)

 

Այս արվեստով վերստեղծվում է նոր, հոգեբանական Երևանը՝ հայեցողականից այն կողմ: Բացի համայնապատկերային խորհրդանիշներից, մայրաքաղաքը սկսում է խտանալ հստակ կերպարների մեջ՝ մարդկային դիմանկար, օրվա հերոսի ու հակահերոսի ընտրություն: Քաղաքի նկարագիրը լայնանում է զուտ ճարտարապետական ընկալումից դեպի գործող մարդ-երևանցին՝ որպես քաղաքի դեմք, որպես երևանյան իրականություն, պատմություն ստեղծող թե՛ դրական, թե՛ բացասական դերակատար: Թե որքանով վերոնշյալ իրարամերժ միտումները կհասունանան՝ դառնալով սուր արվեստային ասելիք և կհաղթահարեն ժամանակների ընդհանրացումները, դժվար է ասել: Բայց այն, որ Երևանի՝ որպես կենսունակի նյութի հետ վարվելու, վերաբերվելու և աշխատելու ձևերը դինամիկ կերպով փոխվում են ու նոր իմաստ, ձեռագիր ստանում, դա փաստ է:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N6, 2014

For the shortened English version of this article, click here.

Այս թեմայով