Մեդիա դեմքերը խաղաղապահ առաքելություն են կրում ընթերող-գիրք սահմանագծում։ Առաքելությունն այդ տաժանակիր է, քանզի նորագույն տեխնոլոգիաների ու խելահեղ արագությունների դարում քչերն են ժամանակ գտնում ընթերցանության համար։
Ամերիկյան պարբերականներում լավագույնը ճանաչված և հայերեն թարգմանված ժամանակակից գրողների աշխատանքների «գովազդային» արշավի համար Հայաստանի Ժամանակակից Արվեստի Միությունը երկրի մեդիա դեմքերին հավաքեց իր «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շուրջ։
Առաջին հանդիպումը հաղորդավար Արտակ Վարդանյանի հետ, քննարկում էին թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպը: Երկրորդ հանդիպումը դերասան Հովհաննես Ազոյանի հետ էր։ Քննարկման առարկան էլ' Ջորջ Օուելի «Անասնաֆերման»։
Դերասանն անկեղծացավ. ընթերցանությունն իր ամենասիրած զբաղմունքը չէ։ Այս գիրքը ընթերցել սկսել է Սոս Ջանիբեկյանի խորհրդով: Հավանեց, քանի որ ալեգորիաների ու քաղաքական սատիրայի միջոցով ներկայացվում է 1917-ի Բոլշևիկյան հեղափոխությունն ու դրան հաջորդած ստալինիզմը: Այս ամենը, ըստ Հովոյի, ակնհայտ ընդհանրություն ունի մերօրյա ժամանակների հետ։ Ամենավառ զուգահեռներից մեկն այն է, որ իշխանությունը հանրային զվարճանքների միջոցով փորձում է մթագնել ժողովրդի ուղեղը։
Հանդիպման ընթացքում երկար քննարկվեց մարդկային կերպարների ու կենդանիների միջև Օրուելի զուգահեռները։ Վիպակում իշխանության գլուխ է անցնում Խոզը։ Ըստ Հովհաննեսի, երբ մարդը իշխանության գալով չի սահմանափակվում եղածով ու անընդհատ ձգտում ունենալ առավել մեծ իշխանություն, ապա մի օր ուղղակի դառնում է խոզ։
Թե ականջալուր լինեք հայտնիների խորհրդին, ապա պետք է ընթերցեք այս գիրքը, քանզի ժամանակին արգելված գրականության դարակներում պահվող ստեղծագործություն այժմ հասանելի է դարձել, ավելին՝ հայերեն է թարգմանվել։ Իսկ ընթերցանության ընտրության հարցում հայտնիները դեռ շարունակում են խորհուրդներ տալ։ Հուլիսի 2-ին «Ակումբ»-ում Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» խորհուրդ կտա ընթերցել Ավետ Բարսեղյանը: